Արցախն ապրում է նոր ներդրումների ակնկալիքներով. ԱՀ նախագահի խորհրդական
Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել և ներկայումս գտնվում են ավարտական փուլում, այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է:
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է գտնվում Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար:
«Դեռևս պասիվություն է նկատվում նմանատիպ ճանապարհներին հատուկ ենթակառուցվածքների մասով՝ ռեստորաններ, գազալցակայաններ, հյուրատներ, որոնք կարող են բավականին շահավետ բիզնես դառնալ: Հուսով ենք՝ գործարարները առաջիկայում առավել ակտիվ կլինեն, որովհետև նրանցից ակնկալիքը լոկ բերագործություն չէ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել է Արցախի հյուսիսային շրջաններում ևս շահավետ բիզնես ծավալելու համար»,- նշեց նա:
VERELQ-ի հետ զրույցում Աբրահամյանը հիշեցրեց, որ զբոսաշրջության զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, կառավարության գերակա ուղղություններից: Նա նաև հիշեցրեց, որ 2016 թվականին Արցախի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները կազմել են մոտ 185 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի քան 19%-ի աճ է արձանագրել: Իսկ 2005 թվականի համեմատ այս ցուցանիշը գերազանցում է 10.5 անգամ:
«Արցախն ապրում է նոր ներդրումների ակնկալիքներով»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք նաև, որ համաձայն օրերս Արցախի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ապրիլյան մարտական գործողությունների պայմաներում Արցախում ՀՆԱ-ի 9.2 տոկոս աճ է գրանցվել: