Լոշմանովին հանձնել են 102-րդ ռազմաբազային. նա զվարճացել է գիշերային ակումբում
VERELQ-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 19-ին, ժամը 22:50-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեից հայտնաբերվել է անհետացած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը: Նրան տեղափոխել էին Շիրակի մարզի քննչական վարչություն:
Այժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Armtimes.com-ին հասած տեղեկություններով, ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ և ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ, որտեղ ծանոթացել և մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ: Երեկույթից հետո նրանք միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասում գտնվող բնակարան:
«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմել են աղբյուրին ոստիկանությունից:
Հիշեցնենք, Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։