Հայաստանի կառավարությունը հայտարարում է ենթակառուցվածքների շինարարության ոլորտում որակի հարցում զրո կոմպրոմիսի մասին։ Անորակ աշխատանքի պատճառով պետությունը ոչ միայն հրաժարվում է վճարել կապալառուներին, այլև պարտադրում է սեփական միջոցներով զրոյից վերակառուցել թերություններով կառուցված օբյեկտները։
Ապրիլի 9-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեի և անկախ լաբորատորիաների համատեղ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների պատճառով շինարարական ընկերությունը կրելու է մոտ 500 միլիոն դրամի վնաս: Նախարարի խոսքով՝ ճանապարհը պետք է որակյալ լինի իր շահագործման ողջ ժամկետում, ոչ թե քայքայվի շահագործման հանձնելուց մեկ ամիս անց:
Ըստ այդմ նա որպես օրինակ մտնանշեց նոր կառուցված մի ճանապարհ, որի 20 կմ հատվածն ամբողջությամբ քանդվելու է, քանի որ սահմանված որակի չափանիշներին չի համապատասխանում:
Խստացվել է նաև վերահսկողությունը ներկրվող շինանյութի նկատմամբ: Մասնավորապես, բիտումի որակի լաբորատոր ստուգումների արդյունքում վերջին շրջանում Հայաստանի սահմանը հատած տասը բեռնատարից ութը հետ են վերադարձվել:
Նախարարի խոսքով՝ այս խիստ վերահսկողությունն ունի նաև իր օբյեկտիվ հետևանքները. կրճատվել են մրցութային գործընթացներից գոյացող խնայողությունները: Եթե նախկինում մասնակիցների մոտ 40%-ը նախահաշվային արժեքից պակաս գին էր առաջարկում, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 20%: Բացի այդ, շուկայի նախկին առաջատարները, որոնք նախորդ տարիներին իրականացնում էին ճանապարհաշինական աշխատանքների մինչև 50%-ը, այսօր բավարարվում են ընդամենը 10-12%-ով։ Խուդաթյանն այս փաստն ուղղակիորեն պայմանավորում է պետության՝ անորակ աշխատանքը չընդունելու սկզբունքային դիրքորոշմամբ։
«Մենք անորակ աշխատանքի համար փողը չենք տալիս։ Նախորդ տարի մոտ 30 կմ ճանապարհ շինարարների միջոցների հաշվին քանդել և նորից ենք կառուցել։ 2025-ին այդ թիվն ավելի մեծ է լինելու։ Առաջիկայում ես հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որը նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ լավն է, բայց մենք որակից դժգոհ ենք, և ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու», - հայտարարեց Խուդաթյանը։
Գործադիրը նաև անցում է կատարում ճանապարհների սպասարկման նոր մոդելի՝ խոշորացումների միջոցով բացառելով փոքր կարողություններով և անբավարար տեխնիկայով ընկերությունների մասնակցությունը մրցույթներին: Միասնական որակական ստանդարտներ են ներդրվում ինչպես պետական, այնպես էլ Երևանի համայնքային բյուջեով ֆինանսավորվող ծրագրերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին վերահաստատեց որակի հարցում կոմպրոմիսների բացառման քաղաքականությունը: Որպես նախադեպ նա հիշատակեց Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նույնպես ամբողջական հատվածներ են քանդվել անբավարար որակի պատճառով: