9.04.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կգնի «ճանապարհային տոմոգրաֆ». 2018-ից քաղաքացիներին վերադարձվել է 4 մլրդ դոլար

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հայաստանի կառավարությունը մտադիր է ճանապարհաշինության ոլորտում ներդնել արհեստական բանականությամբ աշխատող գերժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ապահովել «վիրահատական ճշգրտություն» նորոգման աշխատանքներում։


Միաժամանակ, գործադիրը հայտարարում է 2018 թվականից ի վեր չնախատեսված սոցիալական և աջակցության ծրագրերով քաղաքացիներին աննախադեպ ծավալի՝ շուրջ 4 միլիարդ դոլարի վերադարձի մասին։


Ապրիլի 9-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց տարածաշրջանային նշանակության եզակի սարքավորման՝ ճանապարհների շերտագրման համակարգի կամ «ճանապարհային տոմոգրաֆի» ձեռքբերման պլանների մասին: Մոտ 500-600 միլիոն դրամ (1-1.5 միլիոն դոլար) արժողությամբ այս տեխնիկան արհեստական բանականության միջոցով վերլուծելու է ճանապարհի ծածկույթը մինչև 70 սանտիմետր խորությամբ:


Նախարարի խոսքով՝ սարքավորումը ճանապարհով անցնելիս ինքնաշխատ կերպով կգնահատի թաքնված ճաքերն ու վնասվածքները՝ հուշելով, թե տվյալ հատվածում ինչ տիպի և որքան խորությամբ նորոգման կարիք կա։ Ըստ Խուդաթյանի՝ իրենք ասֆալտապատումը մոտեցնում են վիրահատության ճշգրտությանն ու տրամաբանությանը, ինչը կօգնի հստակ տարանջատել միջին և հիմնանորոգման անհրաժեշտությունը։


Անդրադառնալով նոր տեխնոլոգիայի ներդրմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման թանկարժեք սարքավորման ձեռքբերումը ոչ թե ֆինանսների կորուստ է, այլ երկարաժամկետ խնայողություն, քանի որ որակյալ և գրագետ նորոգման շնորհիվ հետագա շահագործման ծախսերն էականորեն կնվազեն:


Նիստի ընթացքում կառավարության ղեկավարը խոսեց նաև 2018 թվականից հետո իրականացված աջակցության ծրագրերի տնտեսական արդյունքների մասին: Նա հիշեցրեց, որ պետությունն իրականացրել է մի շարք ոչ պարտադիր, խրախուսական ծրագրեր, որոնց թվում են գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը, սահմանամերձ գյուղերի աջակցությունը, վարկերի սուբսիդավորումը, էներգաարդյունավետ վերանորոգումն ու եկամտային հարկի վերադարձը։


«Հեղափոխության արդյունքում 2018 թվականից պետական բյուջեն շուրջ 6 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել։ Մենք կարող ենք արձանագրել, որ այդ 6 միլիարդից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին տարբեր ծրագրերով»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ այս հաշվարկի մեջ ներառված չեն կենսաթոշակների և պարտադիր այլ վճարումների բարձրացումները:

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին