Սվիտալսկին այցելել է «Ելք»-ի գրասենյակ ու շնորհավորել գրանցած հաջողությունների համար
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան այսօր այցելել են «Ելք» դաշինքի կենտրոնական գրասենյակ:
Հանդիպման ընթացքում Սվիտալսկին շնորհավորել է «Ելք» դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը իրենց հերթին ներկայացրել են իրենց կարծիքը և գնահատականները նախորդ ընտրությունների վերաբերյալ և քննարկել առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական մի շարք հարցեր:
Նշենք, որ «Ելք» դաշինքն ընկալվում է իբրև պրոարևմտյան հայացքներ ունեցող ուժ և, ըստ մամուլի, վայելում է Արևմուտքի հովանավորությունը: Բացի «Ելք» դաշինքից, Արևմուտքը Հայաստանում աջակցում էր նաև պրոարևմտյան հայացքներ ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պարտվեց: VERELQ-ի տեղեկություններով, մինչև վերջին պահը հույս կար, որ «Ելք»-ն ու ԱԴ-ն կմիանան ու միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: