«Հին մեթոդներն» անընդունելի են. Ավինյանը հրահանգել է փորձաքննության ենթարկել ասֆալտը
Լուսանկարը` ԹԵԺ ԳԻԾ ֆեյսուքյան էջից
Փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությունը վերածվեց տեխնոլոգիական կարգապահության շուրջ բուռն քննարկման, որի ընթացքում քաղաքապետը խիստ քննադատության ենթարկեց վերահսկողության համակարգը։
Չնայած փոսալցման աշխատանքների բարձր տեմպերին՝ փետրվարի կեսերին մայրաքաղաքում արդեն պատրաստվել է 15 հազար և տեղադրվել շուրջ 13 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնյա ծածկույթ, քննարկման առանցքը դարձավ ոչ թե ծավալը, այլ որակը։ Խիստ խոսակցության առիթ հանդիսացան Նոր Նորք վարչական շրջանից տարածված այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ասֆալտը լցվում առանց բիտումի շերտի կիրառման։
Տիգրան Ավինյանի ելույթի շեշտադրումները կտրուկ էին. նա տեղի ունեցածը որակեց որպես «անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներ», երբ պատասխանատու ինժեներների բացակայության պայմաններում շինարարները փորձում են խնայել նյութերի հաշվին։ Քաղաքապետը տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող է օրը ցերեկով նման անփութություն թույլ տրվել՝ հավելելով, որ անորակ աշխատանքը հանգեցնում է բյուջետային միջոցների փոշիացման, քանի որ նման ճանապարհները մինչև տարեվերջ կրկին նորոգման կարիք կունենան։
Խորհրդակցության ընթացքում պատասխանատուների կողմից հնչեցին արդարացումներ՝ կապված տեխնիկայի տեղաշարժի և աշխատանքների արագ կազմակերպման հետ, սակայն քաղաքի ղեկավարը անդրդվելի էր որակի հարցում։ Որպես համակարգային լուծում՝ նա հանձնարարեց վերահսկողության վարչությանը բոլոր իրականացվող աշխատանքներից փորձանմուշներ վերցնել և իրականացնել լաբորատոր փորձաքննություն։
Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն այլևս չի սահմանափակվելու միայն տեսողական վերահսկողությամբ, այլ հիմնվելու է փաստացի փորձագիտական տվյալների վրա։ Միևնույն ժամանակ, որպես դրական օրինակ նշվեց Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ շինարարների աշխատանքը գնահատվել է բարձր որակի, ինչը, ըստ քաղաքային իշխանությունների, պետք է չափանիշ դառնա մնացած բոլոր կապալառուների համար։