Ռուբեն Վարդանյանի «կյանքի բանաձևը». ուղերձ Բաքվի բանտից դատավճռից հետո
Լուսանկարը` sputnik
Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը դատավճռի հրապարակումից օրեր անց հեռախոսակապի միջոցով փոխանցել է իր առաջին հրապարակային ուղերձը։
Ընտանիքի հետ զրույցում Վարդանյանն իր դատավարությունը որակել է որպես «արդարադատության իմիտացիա»՝ նշելով, որ իր նկատմամբ կայացված որոշումը հաջորդել է Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավճիռներին։ Ավելի քան երկու տարի բանտում անցկացրած գործիչը նշել է, որ այդ ժամանակահատվածը կազմում է շուրջ 21 հազար ժամ կամ 75 միլիոն ակնթարթ, ինչը թույլ է տվել նրան վերագնահատել կյանքի ամեն մի պահը։
Իր խոսքում նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարել են իր ընտանիքին և անհանգստացել իր ճակատագրով՝ կարևորելով հատկապես ձեռագիր նամակների դերը։
Ուղերձի առանցքը Վարդանյանի ներկայացրած «կյանքի բանաձևն» է, որով նա կոչ է անում ապրել պարզ, սիրել առանց ակնկալիքի, անընդհատ սովորել և անվախ քայլել սեփական ճանապարհով։ Հղում անելով 14-15-րդ դարերի փիլիսոփա-բանաստեղծ Նասիմիի գաղափարներին՝ նա վերահաստատել է իր հավատարմությունը մարդասիրական արժեքներին և ազգային ինքնությանը։
Հարկ է նշել, որ Բաքվի դատավարությունները միջազգային մի շարք կառույցների և իրավապաշտպանների կողմից բնութագրվել են որպես քաղաքական հետապնդում, մինչդեռ Վարդանյանն ինքը նախընտրել է կենտրոնանալ հոգևոր տոկունության և ներման փիլիսոփայության վրա։