Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կզուգակցվի բիզնես կենտրոնի հիմնման հետ
Լուսանկարը` yerevan.am
Երևանի քաղաքապետարանը ներդնում է տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման նոր մոդել, որը ենթադրում է մետրոպոլիտենի նոր կայարանի և առևտրային տարածքների համակցում՝ բյուջետային բեռը նվազեցնելու նպատակով։
Փետրվարի 23-ին կայացած գործակարգավարական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ «Աջափնյակ» կայարանի հարակից տարածքի ներդրումային փաթեթի մշակման մրցույթը մտել է եզրափակիչ փուլ։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանի փոխանցմամբ՝ յոթ հայտատուներից որակավորվել են երկու ընկերություններ, որոնք մինչև մարտի 3-ը պետք է ներկայացնեն իրենց ամբողջական առաջարկները։
Նախագիծը, որն իրականացվում է «Սուրմալու» կայարանի օրինակով, նախատեսում է «բիզնես քեյսի» և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում, ինչը հիմք կհանդիսանա վերջնական պայմանագրի կնքման համար։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ ծրագրի տրամաբանությունը կայարանի տարածքում շահութաբեր բիզնես կենտրոնի հիմնումն է, որի միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն փոխհատուցել շինարարական ծախսերը։
Ըստ նախնական կանխատեսումների՝ բուն աշխատանքները կարող են մեկնարկել հունիսի կեսերին, թեև բուն կայարանի շինարարության մրցույթի հստակ ժամկետները դեռևս ճշգրտվում են։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ շինարարական մրցույթը կհայտարարվի այս կամ հաջորդ տարի։
Հատկանշական է, որ նախագծի բյուջետային հատկացումները նախորդ տարվա վերջին ենթարկվել են էական փոփոխության. նախնական 9,6 մլրդ դրամից «Աջափնյակ» կայարանի համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Տնտեսված 8 մլրդ դրամն ուղղվել է քաղաքային տրանսպորտի արդիականացմանը՝ 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը, որոնք Երևան կհասնեն 2026 թվականի առաջին ամիսներին։