Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի. սպասվում է նոր նախագիծ
Լուսանկարը` parliament.am
Կառավարությունը մշակում է այն չհարկվող եկամուտների հստակ ցանկը, որոնք այսուհետ ենթակա չեն լինի պարտադիր հայտարարագրման կամ կունենան շեմային սահմանափակումներ։
Փետրվարի 12-ին կայացած նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում նախատեսվող փոփոխությունները։ Նախարարը տեղեկացրեց, որ 2025 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը սկսվում է մարտի 2-ից և կտևի մինչև նոյեմբերի 1-ը։
Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու և քաղաքացիների համար լրացուցիչ վարչարարական բարդություններ չստեղծելու նպատակով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գործադիրի հաստատմանը կներկայացվի նոր նախագիծ։
Այս նախաձեռնությամբ սահմանվելու է այն եկամուտների ընդարձակ ցանկը, որոնք դուրս կմնան հայտարարագրման պահանջից։ Մասնավորապես, կանոնակարգվելու են ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումների և այլ ոչ հարկվող միջոցների վերաբերյալ հարցերը, որոնք նախկինում անհանգստություն էին առաջացնում հանրության շրջանում։
Բացի այդ, որոշ եկամուտների դեպքում հայտարարագիր կպահանջվի միայն այն պարագայում, եթե միանվագ գործարքի գումարը գերազանցի սահմանված հատուկ շեմը։ Նախատեսվող պարզեցումները միտված են հայտարարագրման մշակույթի ներդրմանը՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների կողմից ներկայացվող տվյալների ծավալը։