Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը, փոխանցում է Armenia Today կայքը։
Փաստաթուղթն ընդունվել է 183 կողմ, 0 դեմ ձայներով։ Բանաձևը ներկայացրել է պատգամավոր Լորան Վոկյեն՝ «Ֆրանսիա–Հայաստան» բարեկամության խմբի անունից, որն աջակցություն է ստացել մի շարք խորհրդարանականների կողմից։
Բանաձևում նշվում է, որ հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական գործընթացները դիտարկվում են որպես Ադրբեջանի քաղաքականության մաս՝ ուղղված տարածաշրջանում Հայաստանի և հայկական ներկայության ժխտմանը։ Ֆրանսիացի օրենսդիրները նաև հայտարարել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգային ոչնչացման մասին։
Փաստաթուղթը զգուշացնում է, որ հայ գերիներին պահելը և դատական հետապնդումները կարող են վտանգել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը, որով հայտարարվել էր բազմամյա հակամարտության ավարտի մասին։
Առանձին ընդգծվում է Ֆրանսիա-Հայաստան գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ Բանաձևում վերահաստատվում է աջակցությունն Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր պատմական հայրենիքից, ինչպես նաև շեշտվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից նրանց անվտանգ վերադարձի երաշխիքներ պահանջելու հարցում։
Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ակտիվացնել ջանքերը՝ պահվող անձանց ազատման ուղղությամբ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։