«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:
Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները: Ցուցադրվելու են նաև Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն:
Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս հոբելյանի առթիվ հրատարակել է Պեպոյի երգի նոտաները:
Կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի դեբյուտն էր, որը նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ: «Կինոերաժշտություն գրելը ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք», - գրել է Արամ Խաչատրյանը:
2013թվականին Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում: