20.12.2025
Պահանջում ենք պահպանել բացարձակ չեզոքություն և չսպասարկել նեռի դիվային ծրագրերը
prev Նախորդ նորություն

Արշակ և Բագրատ սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։


Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։


Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։


Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են) և այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։


Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։


Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես Քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։ 


Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը,  չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը»։


Բագրատ արք․ Գալստանյան
Արշակ արք․ Խաչատրյան


19․12․2025


Գերմանական Der Spiegel-ն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին
Հաջորդ նորություն next