18.12.2025
Մայր Աթոռը զգաստության կոչ է արել. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը 62 մլն դոլարի մաքսային արտոնություն տվեց օլիգարխի ընտանիքին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի կառավարությունը խոշոր ֆինանսական աջակցություն է ցուցաբերել երկրի ամենահարուստ գործարարներից մեկի՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսին։ Գործադիրի որոշմամբ՝ շաքարի արտադրության համար նախատեսված ներմուծումն ազատվել է շուրջ 62 միլիոն դոլարի մաքսատուրքի վճարումից։


Դեկտեմբերի 17-ին կայացած նիստում գործադիրը բավարարել է «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում տրամադրելով մաքսային արտոնություն։ 2018 թվականին հիմնադրված ընկերությունը նախատեսում է Երևանում շարունակել շաքարի արտադրությունը, ինչի համար կներկրվի մոտ 81 միլիոն դոլար (31.1 մլրդ դրամ) ընդհանուր արժողությամբ հումք։ Տրամադրված արտոնության արդյունքում պետբյուջե չվճարվող մաքսատուրքի գումարը կազմում է մոտ 62 միլիոն դոլար (23.8 մլրդ դրամ)։


Ընկերությունն այս պահին ապահովում է 762 աշխատատեղ՝ մոտ 1040 դոլար (400 հազար դրամ) միջին ամսական աշխատավարձով։ Ըստ ներկայացված ծրագրի՝ մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատողների թիվը հասցնել 880-ի, իսկ միջին աշխատավարձը դարձնել մոտ 1120 դոլար (430 հազար դրամ)։


Ո՞վ է Սամվել Ալեքսանյանը


Սամվել Ալեքսանյանը (հայտնի «Լֆիկ Սամո» մականունով) Հայաստանի ամենաազդեցիկ խոշոր գործարարներից է, ով տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է ունեցել երկրի տնտեսության մի շարք առանցքային ոլորտներում։ Նախկին իշխանությունների՝ մասնավորապես Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, նա երկար ժամանակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր և վայելել իշխանության հովանավորչությունը։ Այդ շրջանում նա ուներ փաստացի մենաշնորհ շաքարավազի ներկրման շուկայում, ինչպես նաև գերիշխող դիրք՝ կարագի, ալյուրի և պարենային այլ ապրանքների շուկաներում։


Նրան են պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների խոշորագույն ցանցը, «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցը և տեքստիլ արտադրամասեր։


2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո Ալեքսանյանը հեռացավ հրապարակային քաղաքականությունից` որդեգրելով չեզոք դիրքորոշում։ Չնայած նախկին ռեժիմի խորհրդանիշներից մեկը լինելուն՝ նա կարողացավ «լեզու գտնել» նոր կառավարության հետ։ Ներկայումս նա շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, պարբերաբար օգտվում է պետական խոշոր արտոնություններից, իսկ նրա բիզնես կայսրությունը շարունակում է ընդլայնվել՝ այժմ արդեն առանց նախկին աղմկահարույց մենաշնորհային սկանդալների։


 

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հաջորդ նորություն next