17.12.2025
Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում ՀՀ ռազմական կցորդը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստան–Շվեդիա խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է մեր երկրում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ:


Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Դավիթ Առաքելյանը շնորհավորել է Եվա Սունդքվիստին մեր երկրում դիվանագիտական կարևոր առաքելություն սկսելու կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը և արձանագրել, որ վերջին տարիներին հայ-շվեդական հարաբերությունները մեծ վերելք են ապրում: Դավիթ Առաքելյանի խոսքով Շվեդիան կարևոր գործընկերներից է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:


Աշխատակազմի ղեկավարի խոսքով Հայաստանը հետևողականորեն շարունակում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում իրականացնել բարեփոխումներ և բարձր է գնահատում Շվեդիայի շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ընթացող բարեփոխումներին:


Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկսդագի միջև 2024-2026 թվականների ժողովրդավարական զարգացման համագործակցությանը՝ Դավիթ Առաքելյանը երախտագիտություն է հայտնել շվեդական կողմին այդ նախաձեռնության համար:


«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելուն ուղղված մեր ջանքերին, մեր պետությունում լավ կառավարման համապարփակ և արդյունավետ համակարգի կայացմանը»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ ծրագրի շնորհիվ խորհրդարանի աշխատակազմը խորացրել է կապերը Շվեդիայի Ռիկսդագի հետազոտական կենտրոնի հետ:


Դավիթ Առաքելյանը խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» 2.0 ծրագրի աջակցությամբ մշակված ԱԺ ռազմավարության մասին, կարևորել Շվեդիայի ներգրավվածությունը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մեջ, որը կարևոր է անվտանգության, տնտեսական, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից:


Հանդիպմանն անդրադարձ է եղել 2026 թվականին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացմանը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների միջև վերջին տարիների արդյունավետ համագործակցությունից: Երկկողմ կապերի խորացման տեսանկյունից Եվա Սունդքվիստը կարևորել է երկկողմ հաճախակի փոխայցերը:


Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն
Հաջորդ նորություն next