23.11.2024
Սիրիայում չափավոր ընդդիմություն գոյություն չունի. Ասադ
prev Նախորդ նորություն

Էրդողան. Մանբիջն ու Ռաքքան Թուրքիայի նոր թիրախներն են Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Մանբիջ և Ռաքքա քաղաքները մատնանշել է  որպես Սիրիայում թուրքական ԶՈւ հաջորդ գործողության թիրախներ:

«Էլ Բաբը արդյունքի հասնելու վերջին օրինակն է: Ջարաբլուսը, Դաբիկն ու Էր Ռաին ավելի վաղ էին ազատագրվել: Այժմ մենք շարունակում ենք ճանապարհը, առջևում Մանբիջն է: Եթե կոալիցիան կատարի խոստումը, ապա նույն արդյունքին կհասնենք նաև Ռաքքայում»,-ասել է Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան միակողմանի կարգով դեպի Սիրիայի խորք է տեղափոխել պետական սահմանագիծը Աֆրին գետի շրջանում, ըստ էության, զավթելով սիրիական տարածքներ: Սիրիան այդպիսի գործողությունները համարում է երկրի ինքնիշխանության խախտում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: