Հայաստանում՝ կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ. Freedom House
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա` թվով արդեն 22-րդ զեկույցը:
Զեկույցում ներառված 29 երկրների կեսից ավելին նահանջ են գրանցել ժողովրդավարության հարցում: Ըստ նոր զեկույցի, Հայաստանը վերստին կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է ճանաչվել: Ժողովրդավարական և ոչ-ժողովրդավարական համակարգերի տարբերության ցուցիչը ընտրությունների եղանակով իշխանությունը փոխելու հնարավորությունն է:
Հայաստանը, ինչպես նաև Ղրղզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում, փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը, ասված է զեկույցում:
Երկու նախագահներն էլ՝ Սերժ Սարգսյանը և Ասլամբեկ Աթամբաևը, հավաստիացնում են, թե համակարգը պետք է փոխել խորհրդարանի դեմոկրատական ուժը հզորացնելու համար: Բայց, ըստ Freedom House-ի, փոփոխության գործնական արդյունքը կլինի նախագահական կուսակցությունների և օլիգարխների վերնախավի դիրքերի հզորացումը:
Զեկույցը այսօր է հրապարակվել, բայց կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Եվ զեկույցում կա բավական ճիշտ կանխատեսում. «Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ գերակայողը կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա կա՛մ պաշտոնապես, կա՛մ կուլիսների ետևից ղեկավարելու հնարավորություն»:
Շարունակելով Հայաստանը համեմատել Ղրղզստանի հետ՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «Սարգսյանը և Աթամբաևը կարող են փոխել ամեն բան, նույնիսկ պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը նույնն է՝ պահպանել իշխանությունը»: