Դատախազությունը 9 ամսում պետությանը վերադարձրել է միլիարդավոր դրամների ակտիվներ
Լուսանկարը` parliament.am
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերջին ինը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է ընդհանուր առմամբ ավելի քան 4 միլիարդ դրամի (շուրջ 10,5 մլն ԱՄՆ դոլար) անշարժ գույք և ֆինանսական միջոցներ։ Այս մասին կառավարության հոկտեմբերի 2-ի նիստին, ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Վերահսկող գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ պետությանն է վերադարձվել շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 3 միլիարդ 933 միլիոն դրամի անշարժ գույք, որը համարժեք է մոտ 10 միլիոն 276 հազար ամերիկյան դոլարի։ Վերադարձված օբյեկտների ընդհանուր մակերեսը կազմում է 280 338 քառակուսի մետր։ Բացի այդ, համայնքների սեփականությանն է հանձնվել երկու մանկապարտեզ և մեկ մարզադաշտ։
Աննա Վարդապետյանը հավելեց, որ գույքի վերադարձից զատ, նույն լիազորությունների շրջանակում բռնագանձվել է 249 միլիոն դրամ, որը համարժեք է 654 հազար դոլարի։ Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև միասնական միջոցների հաշվի վիճակին, որը գործարկվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի կառավարության որոշմամբ։ Նրա խոսքով, ներկա դրությամբ այդ հաշվին կուտակված է ավելի քան 20 միլիարդ դրամ, որը կազմում է մոտ 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլար։