2.10.2025
Շիրակ Թորոսյանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
prev Նախորդ նորություն

Գերմանիան 15,6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ն՝ առանցքային ոլորտների զարգացման համար

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Գերմանիայի հետ տեխնիկական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որի շրջանակում երկիրը կստանա 15,6 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնություն։ Միջոցներն ուղղվելու են մասնավոր հատվածի ամրապնդմանը, մասնագիտական կրթության զարգացմանը, կայուն էներգետիկայի ներդրմանը և համայնքների համալիր զարգացմանը։


Կառավարության հոկտեմբերի 2-ի նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը ենթադրում է հենց դրամաշնորհային աջակցություն, այլ ոչ թե վարկային միջոցների ներգրավում։ Ֆինանսավորումը բաշխվելու է մի քանի ռազմավարական ուղղություններով։ Մասնավորապես, մինչև 6,1 միլիոն եվրո կհատկացվի մասնավոր տնտեսության և նախնական ու միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացմանը։ Նույնքան գումար՝ մինչև 6,1 միլիոն եվրո, կուղղվի Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման համար կենսակայուն էներգետիկայի ապահովման նախագծին։


Բացի այդ, մինչև 3,1 միլիոն եվրո կներդրվի Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացման մեջ, իսկ ևս 300 հազար եվրո նախատեսված է ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամների ֆինանսավորման համար։ Նախարարի խոսքով, Գերմանիայի կառավարությունն այս չորս ծրագրերի իրականացմանը կաջակցի՝ տրամադրելով անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական ներդրումներ՝ ընդհանուր 15,6 միլիոն եվրո արժեքով։


Գևորգ Պապոյանը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը