Այազ Մութալիբով. Խաղաղություն պետք է և’ Հայաստանին, և’ Ադրբեջանին
Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստնի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախկին նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Մութալիբովը այս մասին ասել է haqqin.az ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Մութալիբովն ընդգծել է, որ խաղաղություն պետք է հակամարտող երկու կողմերին էլ: «Եթե նա ձեռք է մեկնում մեզ, ապա չպետք է մերժենք այն»,-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ նայեն՝ մտածելով երկու երկրների, տարածաշրջանի բարօրության մասին: «Այլ ելք չունենք. կամ պետք է առհավետ թշնամություն անենք, կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ խաղաղության մասին պայմանավորվելու համար»,- ասել է Մութալիբովը:
«Միշտ կարծել եմ և կարծում եմ, որ խաղաղ գոյակցությունն այլընտրանք չունի: Այստեղ քաղաքական կամք է պետք և՛ մեր կողմից, և՛ հայկական կողմից, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծենք: Ոչ մեկ չի լուծի այս խնդիրը մեր փոխարեն. ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ուրիշ մի խումբ: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին խաղաղության պատրաստենք»-հավելել է Ադրբեջանի նախկին նախագահը: