24.09.2025
Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց
prev Նախորդ նորություն

Գործարար ոլորտի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերին

Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին մինչեւ 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, բուհերին եւ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրված նվիրատվությունները նվազեցնել իրենց համախառն եկամտից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումները:


Նրա տեղեկացմամբ նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:


Նվիրատվությունները կարող են լինել ե՛ւ դրամական, ե՛ւ գույքային տեսքով: Նշվել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը:


Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական եւ հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի նշված կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք` ապահովելով կադրերի պատրաստման եւ հետազոտությունների իրականացման ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ի հերթական նիստում:

Իմ նկատմամբ մահափորձի չբացահայտելը ծնեց նորերը. Գյումրու քաղաքապետ
Հաջորդ նորություն next