25.04.2024
Գագիկ Ծառուկյան & Կարեն Կարապետյան. Հստակ հաշվարկ, թե՞ պոպուլիզմ
prev Նախորդ նորություն

"Ապրիլից" մեկ տարի անց. կարգավորումը հեռանում է, պատերազմի ռիսկը աճում

Ապրիլյան պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել, իսկ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու լարվածությունը ԼՂ շփման գծում շարունակվում է:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը կտրուկ սրվեց և սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ: Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան հարյուրավոր զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:


ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, որոնք աննախադեպ էին 1994-ի հրադադարից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում մայիսի 16-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:


Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ոչ միայն չեն ձեռնարկվել քայլեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, այլև պարբերաբար շարունակվել են հրադադարի ռեժիմի խախտումները հայ –ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում:


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ապրիլյան պատերազմի գործողությունները որակեց որպես Ադրբեջանի առաջին ռազմական հաջողություն 1994 զինադադարից հետո: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը հայերի ռազմական անխոցելիության առասպելը փառաբանեց:


«Հայաստանը ամբողջությամբ ներգրավված չէր պատերազմին, կոնկրետ ռազմական համակարգեր, մասնավորապես իսկանդերներ ներգրավված չէին այդ հակամարտությունում: ՀՀ նախագահի կողմից եղել է փորձ մասնավորապես միջամտելու, որը հանգեցրել է այն համաձայնագրին, որ կնքվել է Մոսկվայում: Սա բանավոր համաձայնություն էր՝ ինչ-որ պահի դադարեցնելու հակամարտության զինված հատվածը»,- ասում է Կիրակոսյանը:


Ըստ նրա՝ ռազմական տեսանկյունից նոր թշնամության ռիսկը բավականին բարձր է: «Մյուս կողմից Ադրբեջանի համար պատերազմը անցած ապրիլին չափազանց ներքին շեղում էր իր ներքին սոցիալ տնտեսական խնդիրներից»,- նշեց Կիրակոսյանը: Կիրակոսյանը նշեց, որ որևէ մեկը չի խոչընդոտում կամ չի կանխարգելում նոր հարձակվողական գործողությունները:


«Չնայած նոր գորոծողությունների ռիսկի առկայության համատեքստին, ժամանակները արդեն փոխվել են, համեմատած անցած ապրիլի հետ երկու կոնկրետ գործոն կա, որ հիմնական փոփոխություն են առաջ բերում: Որևէ նոր նման գործողություն այլևս անակնկալի չի բերի՝ համեմատած անցած տարվա ապրիլի հետ: Երկրորդ՝ Հայաստանն ու ԼՂ պաշտպանողները արդեն շատ ավելի լավ զինված են ու համալրված նոր միջոցներով: Դա նշանակում է, որ նոր զինված ընդհարումը կարող է դառնալ շատ ավելի մեծ, կարող է լինել շատ ավելի օրհասական, որովհետև դա գայթակղություն է առաջին հերթին Ադրեբջանի համար գործադրելու շատ ավելի ծանր հրետանի, օդային ուժ և զենքեր ու միգուցե հարձակումներ նաև խաղաղ բնակիչների վրա: Հետևաբար որպես այդպիսին ուրվագծումը շատ խեղաթյուրված է և ցուցադրում է միայն էսկալացիայի կարիքը»,- ընդգծում է Կիրակոսյանը:


Քննարկման մյուս բանախոս, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Արա Պապյանը նշեց, որ խաղաղության բանակցելու որևէ հույս չի տեսնում: «Որևէ քաղաքական կամք Ադրեբջանի կողմից չեմ տեսնում: Ես չեմ համաձայնի Ռիչարդ Կիրակոսյանի հետ, որ նա ասում է՝ դա հաջողություն էր Ադրբեջանի համար: Հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն սահմանում: Եթե 800 հա հողի մասին է խոսքը, միգուցե այո, բայց ո՞րն էր հիմնական նպատակը Ադրբեջանի, այդ հիմնական նապատակին չհասնելու տեսանկյունից դա անհաջողություն էր: Իմ կարծիքով Ադրբեջանը փորձում էր մուտք գործել, ճեղքել պաշտպանության բոլոր գծերը և անցնել ԼՂ խորքերը»,- նշում է Պապյանը:


Նա հավելում է, որ ապրիլյան պատերազմի արդեն 3-րդ օրը հսկողությունը հայկական ուժերի ձեռքում էր:


«Չմոռանանք նաև, որ զինադադարի խնդրանքը ներկայացվել է Ադրբեջանի կողմից: Վտանգը, ռիսկը բավականին բարձր է և զանգվածային զենքերի օգտագործման հավանականությունն էլ է բարձր: Դժբախտաբար տեսնում եմ նաև քաղաքացիական բնակչության թիրախավորման հարցը: Վերջին մեկ երկու ամիսներին լսում ենք, որ հակական կողմից ցանկություն է առաջացել իսկանդերն օգտագործելու, եթե Ադրբեջանի նպատակը մնում է հայերին պահել իրենց հսկողության տակ և ստիպել ինքնորոշման իրավունքը վայելել միայն Ադրբեջանի տարածքում: Բայց կարելի է նաև հայկական կողմից հայացք նետել իրավիճակին, հայկական կողմն էլ է նշել, որ պատրաստ է հանձնելու որոշ տարածքներ»,- ասաց Պապյանը:


Կովկասյան հարցերով Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դը Վաալը նշեց, որ այս տարի կարող է լինել նույնիսկ ավելի վտանգավոր, շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում ու տվյալ դեպքում դիվանագիտության այլընտրանք չկա: «Մենք հիմքեր չունենք այդ պահին դիվանագիտությանն ացնելու, մասնավորապես Վիեննայի պայմանավորվածությանը: Բավականին լուրջ միջազգային դիվանագետներ փորձել են օգնել այդ գործընթացին և հենքը այդ համաձայնագրի եղել է հետևյալը. առաջին հերթին զինադադարի մանդատի ամրապնդումը, որը հայկական իշխանության պահանջն էր և Ադրբեջանի իշխանության ցանկությունը, ինչը բավականին լուրջ քաղաքական բանակցությունների վերսկսումն էր: Կարծում եմ, դա բավականին լուրջ հենք էր համաձայնագրի համար, համենայն դեպս կանխարգելիչ քաղաքականության համար»,- նշեց դը Վաալը:


Նա ասում է, որ ակնհայտ է, որ ինչ որ սխալներ տեղի ունեցան և ընդգծում, որ միգուցե բացակայում են բավարար միաջազգային դիվանագիտության միտվածությունը այս աշխատանքի կատարման համար:


«Անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես օրինակ Լավրովն է, ով պետք է հանձնառու լինի: Նա լուրջ դիվանագետ է, բայց հանձնառություն չի ներկայացնում այս աշխատանքի իրականցման համար: Հիմնական հարցը Մինսկի ձևաչափի ամրապնդումն է և վերադարձը իր դիրքերին: Թող սկսեն վերանայել Վիեննայի համաձայնագիրը: Դա է հիմնական ուղղությունը, եթե չեն ցանկանում, որ հակամարտությունը սկսվի»,-ասաց դը Վաալը:


Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերիի ղեկավար Մագդալենա Գրոնոն ասում է, որ անցած տարվա ապրիլի իրադարձությունները ողբերգական էին և կային բաղադրիչներ, որոնք ուղղված էին միջազգային համայնքի հանձնառության ցանկության գլխատմանը: 


«Նպատակներից մեկն էր միջազգային հանրությանը հեռվացնել այս գործընթացից: Այսինքն մենք տեսել ենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կան հնարավորություններ, կան փորձեր կրկին դա անելու: Ես համաձայն եմ այն մասով, որ եղել են առանձին պահանջներ անվտանգության և փոխվստահության միջոցների ուղղությամբ, ներկայացվել է քննչական մեխանիզմների հնարավորությունը, բայց միաժամանակ քննարկվել է հիմնովի երկխոսության հարթակի ստեղծման ուղղղությունը»,-ասում է Մագդալենա Գրոնոն միևնույն ժամանակ նշելով, որ հավի և հավկիթի պատմությունն է այս հակամարտության համատեքստում:


Նա ընդգծում է, որ կան վստահության բացակայության խնդիրներ ամբողջ գործընթացում: Ըստ նրա՝ այս պահին գործընթացը այնպիսին է, որ որևէ հույս առաջընթացի համար չկա, վերացել է: «Վստահության ամրապնդման քայլեր չկան, մյուս կողմից պետք է փորձել գործընթացին թափ հաղորդել: Մենք հիմա լսում ենք, որ հավանական է, որ ևս մեկ հանդիպում տեղի կունենա, բայց այդ հանդիպումներում անհրաժեշտ է հենքեր ստեղծել հետագա առաջընթաց ապահովելու համար»,- հավելեց Գրոնոն:

Քաղաքական ուժերի արտաքին քաղաքականութան ծրագրերում ՀՀ իրական շահերի արտացոլումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին