25.11.2024
Նախագահ. ՀԱՊԿ-ը պետք է արագորեն ադապտացվի ժամանակակից իրողություններին
prev Նախորդ նորություն

Նախագահ. Հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման կտամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հարեւան երկրում շատ լավ գիտեն, որ հարկ եղած դեպքում Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարը «Իսկանդերի» համազարկի հրաման կարձակի:


Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահն այսօր Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում ելույթ է ունեցել զինծառայողների եւ նրանց ընտանիքիների անդամների առջեւ:


«Այստեղ, Արցախի հողի վրա, իրականության ընկալումը շատ ավելի օրինաչափ է։ Վստահ եմ` բոլորդ եք զգացել։ Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում, փառք Աստծո, մենք վաղուց արդեն անցել ենք ամեն րոպե վտանգ զգալու փուլը։ Դա լավ է, դա առաջընթացի համար շատ կարեւոր գործոն է։ Բայց այստեղ այդ զգացումն այլ է՝ հաստատ ավելի իրական է։ Արցախցին ամեն օր արթնանում է ու իր կյանքն ապրում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր պահ արեւելքից կարելի է սպասել ամեն ինչ։ Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է, Արցախն ինքը մեր օրերի հերոսն է», - ասել է ՀՀ նախագահը:


«Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարեւանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միեւնույնն է վտանգը չի նվազելու», - նշել է Սերժ Սարգսյանը:


«Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետեւում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն», - շեշտել է Սերժ Սարգսյանը:


«Անցած ապրիլին հերոս տղաներ կորցրեցինք։ Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը եւ առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել։


Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել եւ ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք», - ասել է Սերժ Սարգսյանը: