Գարեգին Բ շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյակը՝ նրա ազատազրկումը որակելով «անիրավի»
Լուսանկարը` alfanews
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղած շնորհավորական ուղերձում Վեհափառը իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցում գործարար Սամվել Կարապետյանին՝ նրան բնութագրելով որպես վաստակաշատ հայորդի և հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ընտանիք։
Ուղերձում նշվում է, որ հոբելյանը Կարապետյանը դիմավորում է, ըստ Վեհափառի ձևակերպման, «անիրավի ազատազրկման» պայմաններում, սակայն ընդգծվում են նրա հոգևոր ամրությունն ու սկզբունքայնությունը, ինչպես նաև այն, որ հոգևորականությունն ու հավատացյալները աղոթքով նրա կողքին են։
Կաթողիկոսը հիշեցնում է Կարապետյանի երկարամյա ազգային-բարեգործական գործունեությունը՝ ընդգծելով, որ նրա նախաձեռնությունները և աջակցությունը նպաստել են Հայաստանում, Արցախում ու սփյուռքում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և զարգացման ծրագրերի իրականացմանը։
Ըստ ուղերձի, հենց այս գործունեությամբ է նա արժանացել ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի բարձր կոչմանը։
Առանձին շեշտվում է Հայաստանումյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ցուցաբերված աջակցությունը՝ եկեղեցասիրությունը նկարագրվելով իբրև բացառիկ և արդեն իսկ արձանագրված մեր նորագույն պատմության լուսավոր էջերում։
Վեհափառը Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք է բարձրացնում՝ հայցելով Կարապետյանին առողջություն, արիություն ու տոկունություն, նրա ընտանիքին՝ ուժ և համբերություն, իսկ հայրենիքին՝ խաղաղություն և անվտանգություն ու մեր ժողովրդին՝ արժանապատիվ, բարօր կյանք։