Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան, գրում է NEWS.am։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։
Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը», - նշվում է հոդվածում։
Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաեւ ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետեւ Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։
2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան եւ Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։
Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի,Էդվարդ Սնոուդենի հետ։