Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ միայնակ է պայքարում ամբողջ Արևմուտքի դեմ. Լավրով
Լուսանկարը` ՌԲԿ-ի
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատմության մեջ առաջին անգամ միայնակ է պայքարում ամբողջ Արևմուտքի դեմ և բացառում է ցանկացած թուլություն։ Նրա խոսքով՝ Մոսկվան պահանջում է անվտանգության երաշխիքներ և իր սահմանադրությամբ ամրագրված նոր իրողությունների միջազգային ճանաչում։
Ինչպես հայտնում ե ՌԲԿ-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով «Արժեքների տարածք» համառուսական երիտասարդական կրթական ֆորումում, նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս պայքարում է ամբողջ Արևմուտքի դեմ առանց դաշնակիցների։ Նրա խոսքով՝ եթե Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում ՌԴ-ն ուներ դաշնակիցներ, ապա այժմ Ռուսաստանը ստիպված է ինքնուրույն պաշտպանել իր շահերը։ «Գլխավորը՝ հաղթել թշնամուն։ Չի կարելի թույլ տալ որևէ թուլություն», — նշել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները պայմանավորված են ոչ միայն տարածքներով, այլև այնտեղ ապրող մարդկանց պաշտպանությամբ, որոնց Մոսկվան համարում է ռուսական մշակույթի ու լեզվի կրողներ։ Նա պնդել է, որ Ռուսաստանի օրինական պահանջներն են՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը, Ուկրաինայի չընդգրկումը դաշինքում և նոր տարածքային իրողությունների միջազգային ճանաչումը։
Լավրովը քննադատել է Արևմուտքին՝ նշելով, որ վերջինս չի ցանկանում հրաժարվել աշխարհում իր տևական գերիշխանությունից և չի պատրաստվում դառնալ պարզապես մի բևեռ բազմաբևեռ աշխարհում։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։ Այդ համատեքստում Լավրովը հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս կայացած հեռախոսազանգը Պուտինի հետ՝ առաջինը 2022 թվականից ի վեր։ Սակայն, ըստ նրա, խոսակցությունն արդյունք չի տվել, քանի որ Մակրոնն այդուհետ հանդես է եկել Ռուսաստանի դեմ ճնշման անհրաժեշտության մասին հայտարարություններով։
Լավրովի հայտարարությունները համահունչ էին նաև նախագահ Պուտինի վերջերս արած դիտարկումներին, թե Արևմուտքը փորձում էր վերահաստատել իր ազդեցությունը Ռուսաստանում Սովետական Միության փլուզումից անմիջապես հետո։ Պուտինի համոզմամբ՝ Ռուսաստանը պետք է հանդես գա որպես ինքնիշխան ուժ, որպեսզի արժանանա միջազգային հարգանքի։