Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կտրականապես մերժել է ժամանակավոր կառավարչի պահանջը՝ ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը քաղաքական ճնշման հետևանք է։
Հուլիսի 21-ին ՀԷՑ-ի տարածքում լրագրողների հետ զրույցում գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն արձագանքել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, ով կոչ էր արել իրեն դիմում գրել՝ հակառակ դեպքում ազատելու սպառնալիքով։
Ղազինյանը նշել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ սեփական կամքով։ «Իհարկե ոչ։ Խնդրեմ, թող ազատի։ Իշխանությունը, լծակները իրենց ձեռքում են, թող անեն՝ ինչ ուզում են»,– ասաց նա։ Նա ընդգծեց, որ վստահություն չունի ո՛չ Պետրոսյանի, ո՛չ իշխանության նկատմամբ։ «Իսկ ո՞վ է ասել, որ ես իրենց վստահում եմ։ Անձամբ ես ո՛չ իրեն, ո՛չ իրենց իշխանությանը չեմ վստահում»,– հավելեց Ղազինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բողոքարկելու է հնարավոր ազատման որոշումը, նա կիսահումորով պատասխանեց. «Թող մի քիչ էլ անակնկալ մնա»։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ՝ հիմնվելով ընկերության կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների վրա։ Ըստ որոշման՝ Պետրոսյանը կստանա գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։
Նշենք, որ դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 17-ին, Պետրոսյանը ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Կառավարությունը նաև հաղորդում էր ներկայացրել կարգավորող հանձնաժողովին՝ ներկայացնելով ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ փաստաթղթեր։
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունը հապճեպ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց, որոնք հիմք հանդիսացան պետականացման գործընթաց սկսելու համար։ Կարապետյանի թիմը սա համարում է ամբողջովին ապօրինի ու նախազգուշացրել է, որ պատրաստվում է պայքարել նաև միջազգային արբիտրաժում։
Նշենք, որ այս զարգացումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Կարապետյանը հրապարակային քննադատության ենթարկեց իշխանությանը՝ եկեղեցու նկատմամբ ճնշումների համար, և բացահայտ սատարեց հոգեւորականությանը։