21.07.2025
ՏԿԵՆ-ում գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նախարարության անելիքներին
prev Նախորդ նորություն

Էլեկտրաէներգիայի սակագնի ապագան անորոշ է. Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում փոփոխություններ

Լուսանկարը` yerkir.am
Լուսանկարը` yerkir.am

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը չի հաստատում ընկերության սեփականատիրոջ կողմից տրված 10-ամյա սակագնային երաշխիքը՝ նշելով, որ նման կանխատեսումները դժվար է անել գլոբալ էներգետիկ անորոշությունների պայմաններում:


Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 21-ին հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, թե ապագայում էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կզարգանա։ Այս մեկնաբանությամբ նա արձագանքել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի առաջիկա 10 տարիներին սակագները չեն բարձրանա։


«Ինչպե՞ս կարելի է նման կանխատեսում անել, եթե նույնիսկ վաղվա օրը անորոշ է՝ թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում, թե՛ էներգետիկ համակարգում կամ տեխնոլոգիական զարգացումներում», – նշել է նա՝ հավելելով, որ հնարավոր է, երկու տարի հետո աշխարհում լինեն գյուտեր, որոնք կիսով չափ կնվազեցնեն սակագները։


Պետրոսյանը շեշտել է, որ սակագնի ուղղությունը կանխատեսել չի կարող, սակայն կարող է վստահեցնել, որ այն որոշվելու է բացառապես օբյեկտիվ, իրավական ու տնտեսական ցուցանիշների հիման վրա՝ համաձայնեցված կարգավորող հանձնաժողովի հետ։ Նրա խոսքով՝ իր լիազորությունների շրջանակում բացառված են ցանկացած տեսակի մանիպուլյացիա, ոչ օրինական հաշվարկներ կամ կոռուպցիոն որոշումներ։


Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ՝ ընկերության գործունեության մեջ հայտնաբերված խախտումների հիմքով։ Նշվում է, որ նա կստանա ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձին համարժեք վարձատրություն։


Մինչ այդ՝ հուլիսի 17-ին, նա ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Այս ընթացքում կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի խախտումների մասին։


ՀԷՑ-ի սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները մի քանի օրում մշակեցին և ընդունեցին օրենքի փոփոխություններ, որոնց հիման վրա սկսվեց ՀԷՑ-ի պետականացման գործընթացը։ Կարապետյանի թիմը այս գործընթացն ամբողջությամբ անօրինական է համարում՝ հայտարարելով, որ պատրաստվում են պայքարել նաև միջազգային արբիտրաժում։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ Միխայիլ Գրեբենշչիկով, Աղբյուր՝ rbc.ru
21.07.2025
Կրեմլը խոստովանում է՝ Մոսկվա-Բաքու հարաբերություններում բարդ շրջան է