Փորձագետ. Սիրիայի ու Իսրայելի միջև status quo–ն պահպանվում է Մոսկվայի շնորհիվ
Իսրայելա–սիրիական լարվածության այսօրվա փուլը շատ սուր է, քանի որ Իսրայելն ու Սիրիան վաղեմի հակառակորդներ են։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Կոշկինը։
Նա նշել է, որ երկար տարիների ընթացքում իսրայելա–սիրիական հարաբերությունները լարվել են և երկու երկրներում պատմական հիշողությունն այդ կապակցությամբ դեռ թարմ է, փոխանցում է rt.com–ը։
Փորձագետը հավելել է, որ Սիրիայի ու Իսրայելի միջև status quo–ն պահպանվում է Մոսկվայի դիրքորոշման շնորհիվ։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ինչի մասին իրազեկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե կա օպերատիվ կատարման հնարավորություն և առկա են հետախուզության տվյալները, մենք գրոհելու ենք, և դա շարունակվելու է»,-ասել է Նեթանյահուն Չինաստան իր այցի ընթացքում ճեպազրույցում անդրադառնալով Պուտինի հետ իր խոսակցությանը: Ըստ նրա, ՌԴ-ն Սիրիայում Իսրայելի գործողությունների համար սահմանափակումներ չի արել:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի ՀՕՊ ուժերը խոցել են Իսրայելի անօդաչու սարքերից մեկը: Ըստ հեռուստաալիքի, անօդաչու սարքը խախտել էր Սիրիայի օդային տարածքը Էլ Քունեյթրա գավառում: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարեց, որ անօդաչուն ընկել է Սիրիայի տարածքում, սակայն չի խոցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: