VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետեւում իր թիմակիցների հետ քննարկել է Թուրքիա իրականացվող իր այցի նպատակները։ Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը բացատրել է, որ մեկնում է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ վարչապետը շեշտել է, որ ամեն գնով անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի ընտրությունները ունենալ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթ՝ «Խաղաղություն» վերնագրով։ Քաղաքական թիմում սա գնահատվում է որպես ռազմավարական քայլ՝ իր իշխանության վերարտադրությունը երաշխավորելու համար։
Հետաքրքիր է, սակայն, որ «խաղաղության» ճանապարհին մի շարք առանցքային հարցեր մնում են անպատասխան. ի՞նչ է լինելու գերիների ճակատագրի հետ, ի՞նչ փուլում են օկուպացված տարածքների շուրջ բանակցությունները, ի՞նչ ընթացք է ունենալու անհետ կորածների որոնումը եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքից պահանջվող միջանցքի գաղափարին։ Թիմակիցների մի մասի համոզմամբ միջազգային «խաղացողները»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, չեն կարողացել ապահովել կայունություն՝ չնայած իրենց ֆիզիկական ներկայությանը տարածաշրջանում։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է ուղիղ կապի մեջ մտնել Անկարայի հետ՝ Խաղաղության համաձայնագրի արագացված կնքման հույսով, որ 2026 թվականին վերընտրվի: Մնացածը՝ հետո։ Կամ կլինի, կամ ոչ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով ու առողջությամբ: Նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած եւ ընկճված տեսք ունի: Իսկ երեկ օրենսդիրի ամբիոնի մոտ այնքան անադեկվատ էր, որ ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ: 2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որ անգամ ՔՊ-ականներն էին շիվարել: Ասաց. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», «Մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»։
Իսկ կուլմինացիան, անշուշտ, այն միտքն էր, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Փորձեց մանիպուլացնել` ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Իսկ մինչ այդ ինքը «ֆորպոստային» երկրի ղեկավար էր։ Ի դեպ, այնքան են օրենքը խախտել, որ ԱԺ կանոնակարգի խախտումը սրանց դեպքում ամենաանմեղ բանն է, եւ չեն էլ նկատում: Երեկ ԱԺ նախագահը ոտնահարեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, Փաշինյանի 30 րոպեանոց ելույթը չընդհատեց: Իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձեւական խնդրել պատգամավորներին, որպեսզի օգտագործեն նաեւ ընդմիջման ժամից 15 րոպե։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սամվել Կարապետյանի կալանավորումից առաջ Փաշինյանը լրագրողներին ասել էր․ «ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։ 2 օր ԱԺ կայքում փնտրեցինք՝ նախագիծ չգտանք: Վահագն Ալեքսանյանին հարցրինք՝ նախագիծը որտե՞ղ է։ «Կլինի»՝ աշխատանքներ են տարվում։ Մինչդեռ ՔՊ-ականներն անտեղյակ էին այդ նախագծից, միաբերան ասում էին` չկա նման նախագիծ։ Տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն անգամ չգիտեր՝ իրե՞նք, թե՞ կառավարությունն է նման նախագիծ հեղինակելու: Արման Եղոյանը, որը տեղում լսել էր Փաշինյանի ասածը, երեկ զարմացած ճշտեց` ճի՞շտ ենք մեջբերում վարչապետի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ է ստել՝ տպավորություն ստեղծելով, թե Կարապետյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ, իմանալով, որ ուզում են ազգայնացնել ՀԷՑ-ը, դուրս է եկել իշխանության դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։ Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» եւ հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։
Սամվել Կարապետյանը, որը վերջին ամիսներին հանդես է եկել Եկեղեցու շահերի պաշտպանության դիրքերից, ներկայումս, ըստ ոմանց, դիտարկվում է որպես գաղափարական ու հասարակական հենասյուն՝ ընդդիմադիր տրամադրությունների համար։ Միաժամանակ իշխող թիմի ներսում դիտարկվում է նաեւ այս պատմության օգտագործումը՝ ներսից փշրելու հնարավոր լայն կոնսոլիդացիան՝ եկեղեցու, սփյուռքի ու ներհայաստանյան որոշ շրջանակների միջեւ։ Ինչպես ասում են՝ ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Սամվել Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Ըստ աղբյուրների՝ հարազատները մինչեւ երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։
Նկատելի է նաեւ անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել Արմավիր։ Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։ Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես փորձ՝ բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը, ըստ վերլուծաբանների, միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը եւ նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են ե՛ւ կալանավորները ե՛ւ դատապարտյալները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան գործիչներ եւս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։ Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սեւացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» եւ այլն: Այս ամենում ուշագրավ է պատգամավոր Ալխաս Ղազարյանի վարքագիծը, որը թեեւ «խոպանչու» դուստր է (հայրը հիմա էլ աշխատում է Ռուսաստանում), սակայն ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին՝ մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն էլ սկիզբ է առել ՌԴ աշխատանքային միգրացիայից։ Կարճ ասած՝ ողջ աղմուկի ֆոնին ՔՊ-ում շարունակվում է լուռ դիտարկում՝ արժե՞ արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Սամվել Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր եւ ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից հնչած ճառերը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է․ նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգեւատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։ 2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական: Հայտնի է նաեւ նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է եւս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, եւ ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը: Հիշեցնենք, որ հորինված եւ կեղծ մեղադրանքով Արմեն Աշոտյանը 2 տարի կալանավորված է, որից 15 ամիսը` բանտային, մնացածը` տնային կալանքի ռեժիմով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր բարերար Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Արարատ-Արմենիա» ֆուբոլային ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին՝ պարզելու համար նրա դիրքորոշումը հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ.
1. խնդրում ենք հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք Դուք երեկ ներկա եք եղել դատարանի շենքի բակի հավաքին՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի,
2. ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեր թիմի հովանավորների ընտանիքի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերերի կողմից քննարկվում է թիմի գործունեության դադարեցման հարցը՝ պայմանավորված Կարապետյանների բիզնես գործունեության նկատմամբ պետական մարմինների հետապնդումներով:
Սակայն վերջինս հայտնեց, որ մեկնաբանելու բան չունի եւ զբաղված է։ Նշեց, որ իր հետ կապ հաստատենք կես ժամ անց, եթե նպատակահարմար գտնի, կպատասխանի մեր հարցերին։ Մոտ կես ժամ անց մենք նորից փորձեցինք կապ հաստատել Գալստյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Մենք նաեւ դրան զուգահեռ՝ պաշտոնական հարցում ենք ուղարկել, որպեսզի ստանանք նրանից մեկնաբանություն»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։ Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը, եւ որ մինչեւ վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի՝ անկուսակցական լինելուց զատ: Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը։ Նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար։ Իշխող մեծամասնությունը, սակայն, անտեսելով Հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ թերեւս ամրապնդելով Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը: Չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր «Հանրապետական ՍԴ»-ի դեմ։