ՀՀ նորանշանակ դեսպանը Պուտինին է հանձնել իր հավատարմագրերը
Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ և փոխըմբռնմամբ՝ ավելացնելով, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հանդիպումը վերահաստատել է, որ երկու երկրները որպես դաշնակիցներ վստահորեն սատարում են միմյանց՝ համատեղ ուժերով առաջ մղելով եվրասիական ինտեգրումը։
Նա նաև ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։