Օլեգ Եսայանը հեռացավ. ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Օլեգ Եսայանի գործունեությունից դժգոհ էին ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, անցած տարիների ընթացքում նախկին դեսպանը բազմաթիվ անգամներ բուռն քննադատության է արժանացել իր անգործության համար: Ամենից շատ ապրիլյան պատերազմի օրերին, ինչի մասին անգամ հայաստանյան թեմատիկայով զբաղվող ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքագետներն են բարձրաձայնել: Նրանք բազմիցս հայտարարել են, որ Եսայանի հրաժարականի պահը հասունացել է, քանի որ նա պասիվ է ու անգործության մատնված երկկողմ հարաբերությունների կոնտեքստում:
50-ամյա Տողանյանը, համաձայն բաց աղբյուրների, հանդիսանում է "Եվրասիական մեդիա գրուպի" տնօրենների խորհրդի նախագահ:1992 - 1994 թթ-ին նա աշխատել է Մոսկվայի ՀՀ մշըական ներկայացուցչությունում որպես գլխավոր մասնագետ, 1994 - 1995 թթ-ին` երկրորդ քարտուղար ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում: 1996 - 1997 թթ-ին եղել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների բաժնի առաջին քարտուղար, իսկ 1998−2000 թթ-ին` Մոսկվայում ՀՀ դեսպանության խորհրդական:
Դիվանագիտական բնագավառում անցած մեծ ուղին հույս է ներշնչում, որ Տողանյանը որակական փոփոխություններ կբերի հայկական դիվանագիտության համար այդքան կարևոր ռուսական ուղղության վրա: