Վարդան Օսկանյանը վստահ է` տարեկան մինչև 2 մլրդ դոլար է հնարավոր բերել Հայաստան
Արդյունավետ կառավարման դեպքում տարեկան հնարավոր է մինչև 2 մլրդ դոլար ներդրում ու գրանտներ բերել Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` Հրազդանում "Օհանյան -Րաֆֆի - Օսկանյան" դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ:
«Հայաստանում ձևավորված իրավիճակն ունի օբյեկտիվ պատճառներ ևս` իշխանությունների անգործություն ու թե ներքին, թե արտաքին պոտենցիալ ներդրողների կողմից նրանց նկատմամբ անվստահությունը», - հայտարարել է նա:
Նկատենք, որ ներդրումների խնդիրը հանրապետության առջև իսկապես շատ սուր է կանգնած: Վերջին երեք տարիների ընթացքում արտաքին ներդրումների հոսքը կտրուկ նվազել է: Եթե 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է $290 մլն, ապա այսօր այն նվազել է մինչև $90 մլն:
Վարդան Օսկանյանի կարծիքով` ՀՀ քաղաքացիները չեն վստահում իշխանություններին և գերադասում են պահել գումարները բանկերում , այլ ոչ թե ներդնել այս կամ այն ոլորտում: «Եթե մենք ազնիվ իշխանություն ունենայինք, ապա այդ գումարները կուղղվեին տնտեսություն: Ի դեպ, ՀՀ իշխանություններին չի վստահում նաև Սփյուռքը», - ասել է նա: .
Օսկանյանը նաև հիշեցրել է, որ 2000-աականներին Հայաստանը մեծ օգնություն է ստացել ԱՄՆ-ից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում, սակայն 2008 թվականից հետո, երբ երկրում իշխանություն փոխվեց, ծրագիրը փակվեց: