Լավրով. ՌԴ-ն պատրաստ է աջակցել, երբ Հայաստանն ու Թուրքիան սկսեն բանակցել
Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին աջակցել, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Regional Post — Caucasus պարբերականի հետ հարցազրույցում Լավրովը նշել է, որ ՌԴ-ն կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է:
«Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Ըստ որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլեւ լավատես լինելու ընդունակությամբ, որ իրականացնեն իրենց քաղաքացիների հույսերը եւ սպասումները: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու»,- ասել է նա:
«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Լավրովը: