ԵԴ-ն Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով 23 գործ արդեն վարույթ է ընդունել
Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լրագրողների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից և արդեն պաշտոնապես ներգրավված է այդ դատավարություններում՝ որպես երրորդ կողմ: Իսկ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելու մասով դեռևս ժամկետը չի լրացել:
"Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ շուրջ 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի, ու թեև կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել`այս պահի դրությամբ ընդդեմ Հայաստանի ներկայացված գործերում Հայաստանը ծանուցում է ստացել Ադրբեջանի կողմից ներկայացված ընդամենը 5 գործով: Այսինքն՝ Հայաստանի դեմ ներկայացված գործերով Եվրոպական դատարանի կողմից դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»,- տեղեկացրեց նա: