Իրանը, միանալով ՌԴ-ին և Թուրքիային, պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր: Այդ մասին հայտնել է Աստանայում միջսիրիական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
«Այսօրվա խորհրդակցությունների շատ կարևոր արդյունքը դարձավ Իրանի պատվիրակության որոշումը՝ համաձայնագրին երաշխավոր երկրի ձևաչափով միանալու մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լավրենտևը նաև հայտնել է, որ սահմանադրական հանձնաժողովը կապահովի Սիրիայի ժողովրդի մասնակցությունն օրինաստեղծ գործունեությանը:
«Բանակցությունների սեղանին դրված նոր փաստաթղթերից կցանկանայի առանձնացնել սահմանադրական հանձնաժողովի նախագիծը, որի ստեղծումը կապահովի երկրի բնակչության բոլոր շերտերի մասնակցությունը Սիրիայի սահմանադրության մշակմանը»,-ասել է նա:
Լավրենտևն ասել է նաև, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան համադրում են Սիրիայում ընդդիմության և գրոհայինների զատման քարտեզները. զատման հարցը չափազանց կարևոր է:
ՌԴ–ն վերջին շրջանում բազմաթիվ անգամ ընդգծել է Իրանի դերը սիրիական հակամարտության կարգավորման հարցում։
Իրանում ՌԴ–ին նախկին դեսպան, փորձագետ Ալեքսանդր Մարյասովը հայտարարել է, որ Դամասկոսի ու Թեհրանի միջև բարեկամական կապերը հաստատվել են սիրիական ներքաղաքական այսօրվա ճգնաժամից շատ ավելի վաղ, փոխանցում է rbc.ru–ը։
Նա նշել է, որ Իրանը զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել սիրիական արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ`տրամադրել Դամասկոսին խոշոր վարկեր։ Ըստ նրա, Իրանը նպաստել է նաև սիրիական ազգային պաշտպանական ուժերի կայացմանը, որոնց թիվն այսօր հասնում է 100 հազարի։
`Փրիստոնյան համալսարանի գիտաշխատակից Սեյեդ Հոսեյն Մուսավիանը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններին իրանական մասնակցությունը պայմանավորված է ծայրահեղականների դեմ պայքարով։
Ըստ նրա, Թեհրանը հետաքրքրված է Սիրիայի տաչածքային ամբողջականության և պետական ինստիտուտների պահպանությամբ, որպեսզի այնտեղ չստեղծվեն իրանական շահերին հարվածող «պլատֆորմներ»։