VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել: Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երեւանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»: Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ»:
Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարեւորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերեւս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարեւոր հարցերի շուրջ նրանց միջեւ չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում: Թե այսքանից հետո ՀՀԿ-ն ինչպե՞ս է ներկայանում «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, առնվազն տարօրինակ է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՎՏԲ Հայաստան բանկ»-ը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչ Հակոբ Սաֆարյանը դեռ նախորդ տարի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկից 28 միլիոն դրամ է հափշտակել: Նույն մասնաճյուղի աշխատակիցներից Լեւոն Մհերյանն էլ փորձել է հափշտակել 5 միլիոն 355 հազար դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նրանց նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել, որն արդեն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Սաֆարյանի եւ Մհերյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Իսկ մինչ այդ նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ բանկի կառավարիչը մեծ գումար է հափշտակում. նախկինում եւս նման դեպքեր են գրանցվել, ու մեղավորները հայտնաբերվել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 8-ին վարչապետը, ՀՀԿ քարոզչության շրջանակներում լինելով Արմավիրում, դիտողություն էր արել մշակույթի տան վրա փակցված ՀՀԿ պաստառների առնչությամբ։ Հաջորդ օրն Արմավիրում էր «Ծառուկյան» դաշինքը, եւ լրագրողներն արձանագրել էին, որ պաստառները հանվել են, մշակույթի տան վրա մնացել էր միայն նախընտրական շտաբի ցուցանակը։ Հանվել էին եւ ՀՀԿ-ի, եւ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի պաստառները։ Սակայն պարզվում է՝ վարչապետի հրահանգը նովոների համար «ասնավանի» չէ՝ երեկ արդեն մշակույթի տան վրա իր ողջ «հմայքով» հառնել էր ՀՀԿ թեկնածուն։ Ի դեպ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է։ Նշենք, որ Նովոն մարզի պաշտոնյաների «սիրելին» է՝ նրան է աջակցում նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում թույլտվությամբ էլ, թերեւս, մշակույթի տանն է հայտնվել ՀՀԿ շտաբը, եւ ՀՀԿ-ական թեկնածուն պաստառապատել է այս շենքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։ Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակի որոշ «գաղափարական» թեկնածուներ ձեռքները լվացել են ընտրական գործընթացից՝ քարոզչությամբ չեն զբաղվում, հարցազրույցներ չեն տալիս, անգամ Ֆեյսբուքում իրենց «չեն ճղում» «նախագահ ջանի» համար։ Նրանք մասնավոր զրույցներում ասում են, որ եթե ՀՀԿ-ն ամաչում է իրենց մասնակից դարձնել քարոզարշավին, արժանի է համարում միայն 5-ին, ապա թող նրանք էլ քարոզչությունն առաջ տանեն։ Սերժ Սարգսյանն իմացել է այս խուլ դժգոհության մասին, զայրացել է եւ ասել, որ իրենց նորմալ պահեն, թե չէ կպատժվեն»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում: Ականատեսների վկայությամբ, Հովիկ Աբրահամյանն ամբողջ օրը Արտաշատում իր որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է նշանակված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Գարսեւան Վարդանյանը, բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն որդու նախընտրական գործունեությունը, այլեւ մարզում «Ծառուկյան» դաշինքի շտաբը: Ինչպես հայտնի է, Արարատի մարզը ամենաթեժ ընտրատարածքներից է, եւ Աբրահամյանների գործոնն ավելի է թեժացնում իրավիճակը: Արտաշատցիների փոխանցմամբ՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերջերս նեղ շրջապատում հայտարարել է, որ կոտրելու է Աբրահամյանների դինաստիայի տիրապետությունը հենց այս ընտրություններից սկսած, որ Ծառուկյան-Աբրահամյան խնամիները պետք է պարտություն կրեն: Այդ խոսքը հասել է Հովիկ Աբրահամյանին ու նա էլ ողջ ուժով ու հնարավորություններով լծվել է մարզպետին ու նրա պատգամավոր եղբորը հակառակն ապացուցելու գործին»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարեւորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆեկգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու մասին առաջարկին։ Նրա խոսքով՝ այս առաջարկն ունի նաեւ քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ «Նա փորձում է հասկացնել, որ, թեեւ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարեւոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են եւ դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։ Սարգսյանը նաեւ Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնված է, ինչը եւս գուցե հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասել է Ֆելգենգաուերը»: