ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը եւ իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջեւ: Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բեւեռացման է տանելու հասարակությանը եւ առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան եւ իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաեւ ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:
Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել, ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց.«Որեւէ հիմնավորում, որեւէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը: Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար եւ մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: