Թվում է, որ այսօրինակ սոցցանցային տեղեկատվական «հնարքների» դեմ առաջին ընդվզողը պետք է լինի հանրության այն հատվածը, որն իրեն համարում է մեդիագրագետ՝ անկախ իր քաղաքական հայացքներից ու համակրանքներից: Ի վերջո, երբ հանրությանը մատուցվում են ըստ էության մեդիաանգրագիտության կանխավարկածի վրա «հույս դրած» տեղեկատվական հաղորդագրություններ, փորձելով ստեղծել միջազգային բուռն գործունեության եւ ներկայացուցչականության բովանդակություն, դա նշանակում է, որ չկա մատուցելու այլ բան, եւ որ կա վստահություն, որ մատուցած ցանկացած բան անցնելու է «հալած յուղի» պես:
Դե, կասեն՝ մանրուք է, ինչ եք ընկել մանրուքի հետեւից: Իսկ այդպիսի մանրուքներով ձեւավորվում է մթնոլորտ, ենթագիտակցություն, որն արդեն ըստ անհրաժեշտության էլ աշխատում է ավելի մեծ հարցերում:
Ահա թե ինչու այսպիսի հնարքները չեն կարող լինել մանրուք: Ընդհանրապես, բրիտանացիները իրենց հարուստ եւ արդյունավետ պատմությամբ են ցույց տվել իրենց իմաստնությունը, որը վկայող արտահայտություններից մեկն էլ այն է, որ՝ «սատանան մանրուքների մեջ» է:
Եթե օրինակ Հայաստանի ՊՆ նախարարը հասել է Գերմանիա, երկու, թե երեք օր այդ երկրում մասնակցել ինչ որ միջոցառման, եւ Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպելու համար չի գտնվել մի աշխատանքային սենյակ, դա նշանակում է, որ ըստ էության չի եղել հայ-գերմանական պաշտպանական գործակցության որեւէ լուրջ օրակարգ:
Կրկնեմ, խոսքը լուրջ օրակարգի մասին է, այլ ոչ թե ինչ որ «գնումների»:
Եվ, քանի որ չի եղել լուրջ օրակարգ, բայց պետք է ստանալ այդպիսի տպավորություն, բնականաբար իբրեւ պաշտպանության նախարարների ՀԱՆԴԻՊՈՒՄ է ներկայացվում միջանցքային զրույցը ոտքի վրա:
Այստեղ է բուն խնդիրը: Այն, որ հանրությունները բերվում են «սոցցանցային գիտակցության» ռեժիմ: Իսկ դա հանրային գիտակցության հետ խաղերի ամենանպաստավոր ռեժիմն է:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան