Սոցիոլոգ. Ընտրողների 7 տոկոսը պատրաստ է նյութական բարիքի դիմաց տալ իր քվեն
Ապրիլի 2-ին շուրջ 1.2 ընտրող կգնա ընտրատեղամաս և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թեև բավականին պասիվ են մայրաքաղաք Երևանի բնակիչները՝ նրանց 40 տոկոսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին, ինչը հանրապետության մասշտաբով կազմում է 33 տոկոս: Այս մասին ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ 1.2 մլն ընտրողը շատ կանխատեսելի թիվ է:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 564.244, մինչդեռ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նույն թիվը ներկայացնում է 360 հազարով պակաս, Ադիբեկյանը նշեց, որ թե իրականում այդ թիվը կոնկրետ ընտրությունների հետ անմիջական կապ չունի, որովհետև խնդիրն այստեղ նրանում է, թե քանի ընտրող է մասնակցելու ընտրություններին: Ի վերջո չմոռանանք, որ Հայաստանում գրանցված ընտրողների միայն 75 տոկոսն է երկրում:
Սոցիոլոգը նաև նշել է, որ եթե նախկինում հարցվածների 12.5 տոկոսն էր նշել, որ եթե իրենց գումար տան կամ ինչ-որ բան անեն, ապա իրենք կքվեարկեն տվյալ քաղաքական ուժի օգտին, ապա վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվը նվազել է՝ այդ կարծիքին է այսօր հարցվածների 7 տոկոսը: Թեև, ըստ Ադիբեկյանի, ընդհանուր ընտրողների թվի մեջ սա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, բայց ստացվում է, որ ընտրողների 7 տոկոսն ակնկալում է նյութական բարիք, նյութական ակնկալիք ունի ընտրություններից, որի դիմաց պատրաստ է իր քվեն տալ այս կամ այն ուժին: