25.11.2024
Սոցիոլոգ. Ընտրողների 7 տոկոսը  պատրաստ է նյութական բարիքի դիմաց տալ իր քվեն
prev Նախորդ նորություն

Մոնիթորինգի կենտրոնը բացվեց. ՊԵԿ-ը խոստանում է՝ ստուգումները կլինեն հասցեական

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը: Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան:


ՀՀ կառավարության՝ 2017թ. ծրագրով և գերակա խնդիրներով, ինչպես նաև հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողու-թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները և հարկ վճարողների ծանուցման ընթացակարգը։ Դրանց հիման վրա մոնիթորինգի կենտրոնում իրականացվում են ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների և գների, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ: Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերը:


Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ կլինի ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում:


Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է կենտրոնի հիմնումը և նշել, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի համակարգ, որի դեպքում օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող հարկատուն ՊԵԿ-ի աշխատակցին զգա նվազագույն կերպով և հակառակը, ով այդ դաշտում չէ՝ ՊԵԿ-ի շունչը զգա պարբերաբար:


«Մենք անպայման հասնելու ենք դրան: Որպեսզի ունենանք այդպիսի կառավարում, պետք է բացի արդար, հավասար պայմաններից՝ լինի նաև խելացի կառավարում, որպեսզի ՊԵԿ-ն ավելորդ տեղը չանհանգստացնի հարկատուին, գործարարին: Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը և այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները: Այդ իսկ պատճառով, ընտրություն անելիս, թե որտեղ ստուգում անկացնել, ելակետային տեղեկատվությունը, որն այստեղ կա, թույլ է տալու մեծ հավանականությամբ մուտք գործել այնտեղ, որտեղ տեսնում են ռիսկ: Ներդրվրած համակարգը ցույց է տալիս, որ օրինակ՝ գիշերը 1:30-ին ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է շատ մեծ ծավալի գործարք: Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածախ, թե մանրածախ գնում է կատարվել: Հետևաբար, ակնկալում ենք, որ ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, էֆեկտիվ, գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 միլիարդ դրամով ավելի:


«Դա բավականին լուրջ թիվ է, ՊԵԿ-ի առջև ձևակերպել ենք հստակ հանձնարարական, ըստ որի՝ այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են, պետք է կատարվեն: Սակայն կան կանոններ, որոնք պետք է չխախտվեն, այսինքն, կանխավճարի դաշտ պետք է չմտնել, գործարարին արհեստականորեն պետք է չնեղացնել, արհեստական խնդիրներ չստեղծել, որպեսզի նա հարկեր վճարի: Այս առումով, այս համակարգը չափազանց կարևոր է: Միաժամանակ, խոշոր գործարարների հետ խոսելիս կանխավճարի թեման մշտապես եղել է ակտուալ: 16 միլիարդով ավելի մուտքերի ուղղությամբ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև բովանդակության վրա: Այն կառույցները, որոնք ունեցել են մեծ կանխավճարներ, ՊԵԿ-ն այսօր զբաղվում է դրանց մաշեցմամբ, այսինքն, ՊԵԿ բազայում կան բազմաթիվ մուտքեր, որոնք նախկինում կային, այժմ՝ ոչ: Բացի նրանից, որ 16 միլիարդի աճ է ապահովվել, որը կազմում է 10,9 տոկոս, նաև այս պահին ինձ հրապուրում է որակական աճը, որովհետև խոշոր ընկերություններն այսօր մաշեցնում են իրենց կանխավճարները, իրենց պարտավորության չափով այսօր չեն վճարում: Այդ առումով, գալու ենք նրան, որ այդ 10,9 տոկոսի աճը շատ ավելի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով, որ ՊԵԿ-ում իրականացվելու են ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք մասամբ սկսվել են և նշված կենտրոնի բացումն առաջին քայլն է: Կարեն Կարապետյանի խոսքով, մոտ ժամանակներս ՊԵԿ-ը կառավարությանն է ներկայացնելու ՊԵԿ-ի բարեփոխումների ողջ փաթեթը:


«Վստահ եմ, որ այս աշխատանքի արդյունքում ունենալու ենք այն, ինչին ձգտում ենք: Սպիտակ, օրինապահ դաշտում գործող գործարարը ՊԵԿ-ին նվազագույնն է նկատելու: Համակարգում առաջընթաց միանշանակ կա, տեղ չկա՞ լավացնելու, միշտ կա: Մենք երբևէ չենք գալու մի կետի, որ այլևս անելիք չունենանք, բայց մեր ձգտումն է տվյալ իրավիճակում հասնել մաքսիմալի: Կարծում եմ, որ իրավիճակը բավականին փոխվել է: Բացի նրանից, որ ՊԵԿ-ն ունի հետադարձ կապ, այն առկա է նաև իմ աշխատակազմում և կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են ՊԵԿ-ի գործերով: Չի եղել դեպք, որ որևէ մեկը բողոքի ՊԵԿ-ի անարդարությունից և մենք ՊԵԿ-ի հետ համատեղ մինչև վերջ չգնանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Ես ռեգուլյար շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բողոքները պակասել են»:


Անդրադառնալով ստվերի դեպ պայաքարին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ՊԵԿ-ի և բոլոր գործընկերների առջև խնդիր է դրվել բարձրացնել կառավարման արդյունավետությունը, իրականացնել խելացի կառավարում:


«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ արտահանվող բիզնեսի մեջ շահութաբերությունը ներքին բիզնեսի համեմատ տարբերվում է: Արտահանվող բիզնեսի շահութաբերությունն ավելի ցածր է, քան ներքինի, թվում է՝ հակառակը պետք է լինի: Պատճառը կարծում ենք այն է, որ ներքին բիզնեսում ստվերն ու գերիշխող կարգավիճակները դեռևս գոյություն ունեն, ինչը բերում է շահութաբերության բարձր լինելուն: Այս գործիքակազմը, այս կենտրոնը թույլ է տալիս մեզ գնահատել ներքին շուկայի ռիսկային գոտիներն ու հասցեական ստուգել: Մենք պետք է հասնենք նրան, որ ողջ մանրածախ դաշտը ՀԴՄ-ներով ծածկենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ՀԴՄ-ով գործարք անելիս հասկանա, որ օգտակար գործ է անում օրինապահության, բիզնեսը ստվերից դուրս բերելու համար: Եվ մենք շատ հստակ այդ ուղղությամբ գնալու ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: