«Գազպրոմ Արմենիա». Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ
Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ: Այն, ինչ ունենք այսօր, ամենաօպտիմալ և լավագույն տարբերակն է: Այս մասին Հ1 և «Արմենիա» հեռուստաընկերությունների խնդրանքով մեկնաբանելով գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները՝ ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Նա բացատրել է, որ «Գազպրոմ Արմենիան» սահմանին 1000 խորանարդ մետր բնական գազի համար վճարում է 150 դոլար՝ առանց ավելացված արժեքի հարկի: Սպառողին այն հասնում է միջինը 255 դոլարով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դրան էլ գումարվում են դոլար-դրամ տատանումները և տարբերությունը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ: Թադևոսյանը նշել է, որ այդ 60-ական դոլարները ծախսվում են 1600 կմ գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների և 14000 կիլոմետր բաշխման ցանցի շահագործման և պահպանման վրա, ինչպես նաև այդ միջոցներով վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, հաշվարկվում են բնական գազի անխուսափելի կորուստներն ու ներդրումների համար անհրաժեշտ ծախսերը:
Ընկերության տնօրենին զարմացնում է այն, որ որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե կարելի է հրաժարվել ռուսական գազից և այլ երկրներից այն գնել, օրինակ, 200 դոլարով, իսկ սպառողին վաճառել՝ 230-240 դոլարով: Թադևոսյանը նշել է, որ դրանց դեռ պետք է գումարել ավելացված արժեքի հարկը.
«240 դոլարի 20 տոկոսը եթե հաշվարկենք, միջին գինը 290 դոլար է ստացվում: Մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ի սահմանած գինը կազմում է 255.1»,-ինչն էլ, ընկերության տնօրենի գնահատմամբ, հնարավոր ամենաօպտիմալ տարբերակն է: Թադևոսյանը նաև նկատել է, որ 40 դոլար տարբերությունը բավարար չէ անվտանգ և հուսալի շահագործում իրականացնելու համար: