Հայաստանում գործնականում չկան ուժեր, որոնք կտրականապես դեմ են արտահայտվում հայ-ադրբեջանական խոսակցությանը, կամ հայ-թուրքական կարգավորման հեռանկարին:
Ավելին, եթե դիտարկենք այս հարցերը Հայաստանի անկախության երեք տասնամյակի ընթացքի համատեքստում, ապա Երեւանը միշտ էլ արտահայտվել է Թուրքիայի հետ հարաբերության առանց նախապայմանի կարգավորման օգտին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերության մասով՝ հիշեցնեմ անտեղյակներին, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Երեւանը գաղափար էր առաջ քաշում, որ արժե քննարկել տնտեսական գործակցության հարցեր, որոնք կդյուրացնեն քաղաքական հակադրությունների շուրջ փոխզիջումային գործընթացի շուրջ աշխատանքը:
Եվ այդ գաղափարը մերժողը հենց Ադրբեջանն էր:
Հայաստանը մշտապես ունեցել է կառուցողական դիրք: Այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է նաեւ իր շահերի ձեւավորման ու ձեւակերպման կայուն քաղաքականություն ու դիրքորոշում: Խոսքը այն մասին չէ, որ այդ քաղաքականությունը եղել է անթերի: Բայց, ինչպես ցույց է տվել այս տարիների փորձը, այդ քաղաքականությունը եղել է ռացիոնալ: Որովհետեւ, համարվել է, որ շահերի հարցում կայուն դիրքավորում չունենալու պարագայում, Հայաստանը ոչ թե արդյունք կստանա, այլ կստանա նորանոր պայմաններ ու պահանջներ, այդ թվում մի մասն իհարկե թուրքական դիվանագիտության հմտությանը բնորոշ շատ սիրալիր վարքագծով ու ոճով, սակայն ըստ էության անառարկելիություն ենթադրող տրամաբանությամբ:
Ահա սա է, որ մենք տեսնում ենք այսօր, եւ Հայաստանում փորձ է արվում քննարկման առարկա դարձնել երկխոսության, հարաբերության կարգավորման բովանդակությունը, այլ ոչ թե կտրականապես մերժվում է հարաբերությունն ու երկխոսությունն ինքնին:
Բայց, հենց դրա համար էլ փորձ է արվում նենգափոխել իրականությունն ու ստեղծել մտայնություն, թե կա հարաբերության կարգավորման ու խաղաղության գնացող իշխանություն, եւ կան այդ ամենը մերժող նրա ընդդիմախոսները: Ու այս նենգափոխված հիմքի վրա էլ կառուցվում է քարոզչական երկրորդ հարկը, առ այն, թե բոլոր ընդդիմախոսները «գործակալներ» են:
Եվ վերջում, կրկնեմ՝ ինչպես գողն է ամենաբարձրը գոռում բռնեցեք գողին, այնպես էլ գործակալներն են որեւէ այլ կարծիք ամենից հաճախ պիտակավորում որպես «գործակալական»:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան