25.11.2024
Նախագահ. Արևմուտք-ՌԴ լարված հարաբերություններն ընդունելի չեն Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Պետական ապարատը դուրս է եկել Հովիկ Աբրահամյանի դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը: Այս օրերին պետական ապարատը դուրս է եկել իր նախկին թիմակցի՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզում, նման զարգացումները սպասելի էին: Բայց առայժմ փորձում են «նեղել» ոչ թե անձամբ Աբրահամյանին, այլ նրա մերձավորներին:


Երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան: Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք:Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է կրակել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նրա ձեռքից խլել են ատրճանակը, հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել:


«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լևոն Երանոսյանի հետ և ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը սակայն ասել է, թե ինքը տեղեկություններ չունի նման զրույցի մասին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից եւ ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։ ՕՐՕ դաշինքի ակտիվիստները Հայաստանի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Արմավիր, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում սկսել են ցուցակագրել մարդկանց՝ խոստանալով գումար բաժանել ընտրությունների շեմին»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որեւէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։ Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը խոստացել է հանդիպել ընտրություններից հետո, բայց երաշխիքների շուրջ վերջնական պայմանավորվածությունը հնարավոր կլինի կայացնել խոսակցությունը ոչ թե առաջիկա ընտրություններից հետո, այլ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ վերջնականապես որոշակի կլինի, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ ««Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵԱՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան: Սա տարածվելու է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա: Պաշտոնապես դրանով արգելվելու է ԵԱՏՄ այլ երկրներից ՌԴ վերաարտահանվող այն ապրանքների շրջանառությունը, որոնք ՌԴ-ի հայտարարած պատժամիջոցների ցանկում են, կամ էլ դրանք ԵԱՏՄ մյուս երկրներ են ներկվել արտոնյալ պայմաններով: Սակայն գործնականում դա հարված է հասցնելու ամբողջ արտահանմանը: Խնդիրն այն է, որ օրինակ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները կանգնեցվելու են ոչ թե սահմանին, այլ արգելվելու է դրանց մանրածախ վաճառքը: Արդյունքում ռուսական ընկերությունները խուսափելու են մեր ապրանքներից, որովհետեւ հետագայում խնդիրներ են ունենալու»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են: «ՀԺ»-ի տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ: Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ:


Այդ դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվեցին: «ՀԺ»-ն Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո պարզել էր, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու եւ այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար: Այս կիրակի Երանոսյանները կրկին աչքի են ընկել»: