Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: Այս մասին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ.
«Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է: Եվ փոքր երկրների համար շատ պարագաներում կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից, մենք մշտապես մեզ բարենպաստ ենք զգում, երբ որ ՆԱՏՕ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի վիճակն է»,- Tert.am-ի հաղորդմամբ ասել է ՀՀ Նախագահը:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: «Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը մեր խորին համոզմամբ, սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է»,- նկատել է Սարգսյանը:
Գործակալությունն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին` ընդգծել է, որ ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Հայաստան ընդունել է Սիրիայի բազմահազար հայ քաղաքացիների, ում համար տեղի ունեցածը ողբերգական հետևանքներ է ունեցել. «Դա մեծ ողբերգություն է, մարդիկ թողել են իրենց տները, որ տասնամյակներով փորձել են կառուցել, կահավորել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով իր 2018թ. հաջորդող գործունեությանը` ՀՀ Նախագահն ասել է. «Անկեղծորեն եմ ասում, որ գծած որևէ պլան չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի: «Եվ այդ պարագայում, վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը»,- ավելացրել է Նախագահը:
Խոսելով աշխարհով մեկ սփռված, յոթ միլիոնից ավելի մեր հայրենակիցների ու նրանց հատկանիշների մասին` ՀՀ նախագահը նկատել է, որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն հասարակություններում, որտեղ ապրում են: «Լատինական Ամերիկայում, և գրեթե բոլոր երկրներում, ապրող մեր հայրենակիցներն էական դերակատարություն են ունեցել այդ երկրների զարգացման գործում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ, ՀՀ Նախագահն անդրադառնալով Հայաստանի ու Իսպանիայի հարաբերություններին, ավելացրել է, որ չնայած իսպանացիները բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի մասին, Իսպանիան հայերի համար զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկն է: Սերժ Սարգսյանը հավելել է, որ Հայաստանն ու Իսպանիան ունեն հարաբերությունների երկար պատմություն` դեռևս միջնադարից և ավելացրել, որ իսպանացիները, որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում: