8.05.2025
Պապիկյանն ու Պալմասը քննարկել են Հայաստան–Կիպրոսի պաշտպանական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Գեղամ Մանուկյան. Մարտական հերթապահության համար վճարում եք 1700 դրամ, իսկ պարեկին՝ 11 000

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում քննադատել է զինված ուժերում սերժանտական ինստիտուտի թերի ներդրումն ու զինծառայողների աշխատավարձերի նկատմամբ անարդար մոտեցումը։ Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած նոր օրենքի նախագծի քննարկումը կարևոր պահ է զինված ուժերում համակարգային նորամուծություն մտցնելու համար։


«Սերժանտական ինստիտուտը ներդրվել է դեռ 2008 թվականին, բայց մինչ օրս այն ամբողջությամբ չի գործարկվել։ Սերժանտը զինված ուժերում պետք է դիտարկվի որպես ծնող, ով ամենօրյա հոգատարություն է ցուցաբերում զինվորի նկատմամբ։ Սակայն այսօր սերժանտի աշխատավարձը ընդամենը մոտ 222 000 դրամ է, իսկ պարեկը, ով նույնիսկ ատեստացիա չի անցնում, ստանում է 371 000 դրամ», — ասաց պատգամավորը։


Մանուկյանը շեշտեց, որ մարտական հենակետում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը մեկ օրվա համար ստանում է ընդամենը 1700 դրամ, մինչդեռ պարեկը՝ 11 000, իսկ ԱԺ պատգամավորները՝ շուրջ 22 000 դրամ։


«Սա է իրականությունը։ Սա՛ է ձեր արդարությունը։ Մարտական հենակետում անձրևի տակ կանգնած զինվորը ստանում է ամենացածր գումարը», — ընդգծեց նա։


Պատգամավորը նաև քննադատեց պաշտպանության նախարարության առաջարկած ատեստացիոն համակարգը՝ նշելով, որ այն առավելապես վերաբերում է շտաբային բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Մի դիպուկահար, ով մասնակցել է 2022 թվականի մարտական գործողություններին և փրկել է տասնյակ կյանքեր, կտրվել է ատեստացիայից՝ շարքային պատրաստվածության թեստից։ Սա պարզապես անհասկանալի է», — ասաց Մանուկյանը։


Նա կոչ արեց կառավարությանը վերանայել մոտեցումները՝ հանուն զինված ուժերում արդարության և մասնագիտական արժևորման։


 

Գալյան. Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, հանրաքվեի ժամկետները դեռ չեն որոշվել
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին