8.05.2025
Մոսկվան շրջանցում է Բաքվին Վրաստանի շուկայում, Երևանը՝ ցանկանում ադրբեջանական գազ ներկրել
prev Նախորդ նորություն

Իշխանությունը վախենում է ընդունել հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարություն. ՄԱՄՈՒԼ

լուսանկարը՝ Hraparak.am-ի
լուսանկարը՝ Hraparak.am-ի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում. «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում: Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այսպես. «Բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ», նաեւ՝ այս տարի հաղթանակի 80-ամյակն է, եւ շատ երկրներում է այն նշվում, բացի այդ՝ «80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ գոյություն ունեն, կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում», մատնանշում են 2023 թ. սեպտեմբերին արցախյան դեպքերը, երբ Ադրբեջանն Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ իրականացրեց եւ հազարամյակներով այնտեղ ապրող հայ բնակչությանը բռնի տեղահանեց: «Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, եւ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար, մեր սերունդներինն է եւ փոխանցվում է սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի զեկուցող՝ ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Իսկ ինչո՞ւ իշխանությունն այն չի ընդգրկել օրակարգում՝ չէ՞ որ, ըստ էության, հայտարարությունը կորցնելու է իր ակտուալությունը։ «Կարծում եմ` իշխանության պահվածքը պայմանավորված է նրանով, որ այս հայտարարության հետ կապված որեւէ թիրախավորում չէր կարող անել, որովհետեւ այն, ինչ ներկայացված է, պատմական փաստեր են, որոնք միմյանց հետ շաղկապված են, բայց դրա ազդեցությունը թուլացնելու համար մայիսի 9-ին չարեցին, տեղափոխեցին հաջորդ նիստին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ-ում երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ: Վերջինս ԱԺ առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում ՀՀ դեսպան է եղել, այդ թվում՝ Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, հիմա գրեթե բոլոր ուղեւորությունների ժամանակ ուղեկցում է ԱԺ նախագահին: Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու: Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ եւ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա եւ փորձում է զավթել Գյումրին։ Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն՝ ավագանու 33 մանդատից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու (12.06.2024թ.-ին) գործով մինչ օրս որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որեւէ անձ չկա գործում: Նշենք, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:


Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողների թիվն այս պահին 5-ն է:


Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին: Բայց 2 ամիս է քննություն է իրականացվում, կոնկրետ անուններ են տրված, սակայն մինչ օրս Կոմիտեում դեռ կոնկրետ քայլերի չեն դիմում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։ «3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո….», – հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:


Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլիկ Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ Պատասխանն էր. «Հա, պատգամավորի աղջիկն է»»։ Փաստորեն, այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել:


Իհարկե, ծնողները կարող են ընտրել երեխայի ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, թե իշխանությունն է փորձում սահմանել՝ ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ՝ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ շփոթում են քննադատությունը «թիրախավորման» հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել։ Իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել՝ առանց վախենալու «զգացմունքային» հակահարվածներից, որը երեկ արեց Նարեկ Գրիգորյանը: Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինքնավնասումով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։ Էդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը եւ այլն, եւ էդ երեխու վրա հոդված գրեցին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե խոսքն ինչ լուրի մասին է, եւ փորձելով տպավորություն թողնել, թե մենք մտել ենք իր ընտանիք, թիրախավորել իր անչափահաս դստերը: Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել` գրելով, որ ՔՊ-ական պատգամավորը 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Թե այդ լուրի ինչն էր անբարո, եւ որտեղ էր տեսել «ընտանիք մտնելու» փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին, բնականաբար, չբացատրեց:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար: Ինչու է տրոհված գնել, ինչպես է վերահսկվում այդ բյուջետային ծախսերը՝ անհասկանալի են մնում: Առավել եւս, որ Մարտունու համայնքապետարանը իր այս տարվա գնումների մասին տեղեկություններ չի տեղադրել պետական համապատասխան էլեկտրոնային հարթակներում, որոնք ապահովում են հանրային վերահսկողությունը։ Այս պայմաններում խախտվում է ամենաբարձր սկզբունքը՝ հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը։



Հովհաննես Հովեյանը՝ նախկինում Վարդենիկ համայնքի երկարամյա ղեկավարը (2005-2021), այժմ Մարտունու համայնքի ղեկավարն է 2021-ի դեկտեմբերի 23-ից։ Այն փաստը, որ նման ծախսերը չեն արտացոլվում հանրային տվյալների բազաներում, ակամայից առաջացնում է հարցեր՝ արդյոք գործ ունենք ուղղակի ընթացակարգային բացթողման հետ, թե մտածված մութ գործարքների։ Համայնքային ղեկավարները պարտավոր են առաջնորդվել բաց կառավարման եւ հաշվետվողականության սկզբունքներով։ Իսկ երբ դրանց փոխարեն ունենք «լռությամբ պատված» ծախսեր, ապա պարտականությունն արդեն դառնում է լրատվամիջոցներինը՝ բացահայտել, բարձրաձայնել ու պահանջել պատասխանատվություն»։

Օրվա իշխանության ներքին վախերն ու ոչ լեգիտիմությունը
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին