Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերն իրենց ընտրական ծրագրերում էական տեղ են հատկացնում ԼՂ հակամարտության կարգավորման եւ անվտանգության խնդիրներին: Խնդրի նկատմամբ թե՛ հանրության, թե՛ քաղաքական ուժերի մեծ ուշադրությունը հասկանալի է, եւ այն մասնավորապես պայմանավորված է անցած տարվա ապրիլին շփման գծում տեղի ունեցած պատերազմական գործողություններով, իսկ ընդհնարապես 22 տարի շարունակվող «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» վիճակով:
Հատկանշական է, որ 1994 թ-ին հակամարտության գոտում հաստատված զինադադրից ի վեր հայկական բանակում զոհերի թիվը, մարտական եւ ոչ մարտական (այդ թվում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողները), կազմել է շուրջ 2000 հոգի: Թե որքանով են ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերի՝ անվտանգության եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ծրագերը համահունչ առկա իրողություններին եւ սպառնալիքներին, դատեք ինքներդ:
«Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու», - այսպես է ձեւակերպված իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընդհանրական մոտեցումը Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը», - ասված է իշխող կուսակցության ծրագրում:
Հանրապետական կուսակցությունը խոստանում է նաեւ շծարունակել աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: «Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը: Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը», - ասված է ՀՀԿ ծրագրում:
Իշխող կոալիցիայի մաս կազմող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսկացությունը Արցախի խնդիրը չի առնձնացնում Հայ դատից: «Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է», - վստահ է ՀՅԴ-ը: Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ի կոալիցիոն գերծընկերն առաջ է անցնում եւ նշում, որ գլխավոր նպատակը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն է, այլ վերջինիս վերամիավումը Մայր Հայաստանի հետ: «Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է», - ասված է Դաշնակցության ծրագրում, հավելելով, որ Լղ կարգավորման հարցում միակողմանի զիջումներն անթույլատրելի են, իսկ ապրիյան պատերազմից պետք է դասեր քաղել:
Դաշնակցությունն առաջարկում է նաեւ ամրապնդել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը: ՀՅԴ-ը եւս կողմնակից է, որպեսզի Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավվի: Կուսակցությունը նաեւ կողմ է պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնմանը: «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը», - ասված է քաղաքական ուժի ծրագրում: Միեւնույն ժամանակ ՀՅԴ-ը առաջարկում է սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի շրջանակում ասվում է. «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ`գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»:
Դաշինքում գրթեթ վստահ են, որ առանց խաղաղության հաստատման եւ հարեւանների հետ բարիդրացիականա հարաբերությունների հաստատման, Հայաստանն ապագա չունի: Հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը, նշում են դաշինքի ծրագրի հեղինակները։ «Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը», - վստահեցնում են «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքում եւ հավելում, որ խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը եւ այլն:
«Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլև պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար: Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար» - ասված է ընդդիմադիր դաշինքի ծրագրում:
Նշված նպատակներին հասնելու տեսանկյունից դաշինքը հեծանիվ չի հորինում եւ առաջարկում է այն բոլոր գործքների փաթեթրն, ինչ այսօր կա եւ գործում է: «Հետևողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։ Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը», - ասված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրում։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրում նշվում է, որ խաղաղություն են ուզում թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները, իսկ պատերազմի մղում արկածախնդիր գործիչները` ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար, դաշինքում անհրաժեշտ են համարում պահպանել ուժերի հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար եւ բացառել միակողմանի ցանկացած զիջում։
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին, նշում են դաշինքում, գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: «Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության», - ՕՐՕ դաշինքում եւս վստահ են, որ խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Նրախք այս խնդիրների լուծումը պայմանավորում են նաեւ սփյուռքի պոտենցիաելի համախմբմամբ: «Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է», - նշում են դաշինքում։
«Ծառուկյան» դաշինքի ծրագրով եւս ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հանգրվանը տեսնում են ԼՂՀ միջազգային ճանաչմամբ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել», - նշվում է հայստանյան ամենհարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական դաշինքի ծրագրում։
Ընդդիմադիր «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում այս խնդրի համատեքստում եւս խոսվում է սփյուռքի պոտենցիալի ներգրավման եւ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման մասին: «Համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում Կառավարության և գործադիր իշխանության որոշումները», - ասված է կուսակցության ծրագրում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրով նախատեսվում է Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիա. «Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարկետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը»։
ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերումնշվում է քաղաքական ուժի ծրագրում, ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների համար պարտադիր քվոտա կսահմանվի։ «Կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) իրենց գլխամասային գրասենյակները կտեղափոխեն ԼՂՀ։ Պետությունը կխրախուսի ներքին տուրիզմը՝ հատկապես կսուբսիդավորվեն աճող սերնդի տուրիստական ճամփորդությունները ՀՀ սահմանամերձ բնակավայրեր և ԼՂՀ», - ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրում։
«Ելք» դաշինքի ծրագրում ՕՐՕ դաշինքի նման առաջին հերթին շեշտը դրվում է Հայաստան-Ադրեբջան ռազմական պարիտետրի վերկանգնման վրա: «Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք` միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար», - նշվում է ծրագրում: Քաղաքակն միավորը վստահ է, որ Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: «Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը», - ասված է դաշինքի ծրագրում: