Նախընտրական շրջանում, ըստ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» ընդդիմադիր դաշինքի հայտարարության, գրանցվել է միջադեպ դաշինքի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ:
Ըստ ՕՐՕ-ի հայտարարության, մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։
Ոստիկանությունից հայտնում են, որ քննություն է կատարվում Ջրառատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Ոստիկանությունը ուսումնասիրում է, քննություն է կատարում: Միջադեպը կատարվել է քարոզարշավից շատ ավելի ուշ», - ասաց Ահարոնյանը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ, հայտնում է Ազատությունը:
«Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին: Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին», - ասված է ՕՐՕ-ի հաղորդագրությունում:
«Եղել ենք ոստիկանության բաժանմունքում, հանդիպեցինք բերման ենթարկված տղաների հետ: Նրանցից մի քանիսն ունեին մարմնական վնասվածքներ, որ ստացել էին այդ միջադեպի արդյունքում: Նրանք դեռևս բերման ենթարկվածների կարգավիճակում են: ՕՐՕ դաշինքի 4 համակիրներ են բերման ենթարկվել, ովքեր գյուղապետի հրահրած միջադեպի մասնակից են եղել, և ևս մեկը, ով ինքնակամ է եկել ոստիկանություն:Ըստ մեզ հասած տեղեկությունների, գյուղապետի կողմնակիցները կրակել են մեր համակիրների ուղղությամբ: Վերջիններս հետագայում փորձել են վնասազերծել կրակողին, և զենքը հանձնել են ոստիկանությանը», - ասել է «Համախմբում» կուսակցության անդամ, ՕՐՕ դաշինքի անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ջրառատի գյուղապետը հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել:
«Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն և օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին», - ասված է ՕՐՕ դոշինքի հաղորդագրությունում: