23.11.2024
Փորձագետ. ԱՄՆ–ը Թրամփի օրոք նախապատրաստում է ավելի ագրեսիվ մերձավորարևելյան քաղաքականություն
prev Նախորդ նորություն

Բրյուսելը սառեցնում է Թուրքիայի եվրաինտեգրացիայի միլիարդավոր եվրոյի ծրագրերը

Եվրամիությունը որոշել է արգելափակել Թուքիայի եվրաինտեգրացիայի համար նախատեսված միլիարդավոր եվրոների հասնող ծրագրերը: Նման որոշում է կայացվել Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ բռնաճնշումների հետեւանքով, հայտնում է DW-ն:


«Մենք իրավաբանորեն պարտավոր ենք ֆինանսական աջակցությունը համադրել այն առաջընթացի հետ, որին երկիրը հասնում է»,- հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ հավելելով, որ ծրագրերի ֆինանսական վճարումների դադարեցումը պայմանավորված է Թուրքիայում սկիզբ առած բացասական միտումներով: Նրա խոսքով, բացասական միտումները սկսվել են դեռեւս մինչեւ հուլիսյան խռովությունը, որոնք հակասում են ոչ միայն ԵՄ-ի ստանդարտներին, այլեւ միջազգային իրավունքին:


2014-ից մինչեւ 2020 թվականը ծրագրված ԵՄ-ի կողմից Թուրքիային ֆինանսական օգնությունը կազմում է 4,45 մլդ եվրո: Ներկայումս Բրյուսելը Անկարային է փոխանցել 167 մլն եվրո: Եվրոպական ֆինանսական օգնությամբ Թուրքիային պետք է օգնեին հասնել հետագա եվրաինտեգրման համար անհրաժեշտ ստանդարտներին: Վճարումները կապված են կոնկրետ նախագծերի հետ, որոնցից ամենախոշորը «ԵՄ-ին անդամակցության նախապատրաստման բարեփոխումներն են»՝ այս նպատակով ԵՄ-ը մտադիր էր տրամադրել 1,58 մլրդ եվրո:


Մինչդեռ Թուրքիան, նշում է Հանը, ոչ թե Եվրոպայի ուղղությամբ, այլ հակառակ ուղղությամբ է ընթանւոմ, ինչը չի կարող հետեւանքներ չունենալ: «Փողերը պետք է բացեն Եվրոպայի դռները, այլ ոչ թե ծառայեն հակառակ նպատակների», - հայտարարել է նաեւ թվային տնտեսության եւ հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:


Առայժմ սակայն լիովին հստակ չէ, թե Բրյուսելը հատկապես ինչ վճարումներ եւ ինչ ժամկետով է սառեցնում: նշվում է, որ որոշումը հնարավոր է կընդունվի Եվրամիության արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ը Անկարայի հետ երկխոսությունը չի դադարեցնում եւ ցանկանում է Թուրքիային օգնել իրավական պետություն կառուցելու հարցում: Սակայն Եվրահանձնակատար Հանը նշում է, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, փաստորեն, կասեցվել են: