Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ԱԺ նախագահ
Ցեղասպանության հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում: Այս մասին ասված է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հնչեցրած ուղերձում:
«Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ:Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով:
Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան: Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում:
Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժեւորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար:Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»,- նշված է ուղերձում: